Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
30/04/2015
Աշոտ Հայրապետյան. «Կապանցու լավատեսությունը պայմանավորված է իր տեսակով»

Աշոտ Հայրապետյան. «Կապանցու լավատեսությունը պայմանավորված է իր տեսակով»

Հարցազրույց "Սյունյաց Լրագիր" թերթին

Սյունիքի մարզկենտրոն Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանին հանդիպեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից մեկի ավարտից հետո և զրույցն էլ սկսեցինք հենց այդ թեմայից: Այդուհանդերձ, ուշադրությունից դուրս չմնացին Կապանի ներկա կյանքին եւ խնդիրներին առնչվող մյուս հարցերը:


- Պարո՛ն քաղաքապետ, եթե կարելի է, ամփոփեք Կապանում քաղաքային իշխանության նախաձեռնած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

- Նախ նշեմ, որ քաղաքում ոչ բոլոր միջոցառումներն է համայնքապետարանը կազմակերպել: Շատ կազմակերպություններ ինքնուրույն ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպել: Ինչ վերաբերում է Կապանի քաղաքապետարանին, ապա այդ նպատակով ստեղծվել էր հանձնաժողով, որի առաջ նախ խնդիր էր դրվել քննարկել կազմակերպվելիք միջոցառումների հետ կապված բոլոր առաջարկությունները: Մեզ համար կարևոր էր լսել բոլորին ու նոր հաստատել միջոցառումների ծրագիրը: Այդ նպատակով փորձել ենք ձևավորել ներկայացուցչական մեծ հանձնաժողով, որի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել ենք բոլոր ցանկացողներին, շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կարծում եմ` միջոցառումները կշարունակվեն նաև ապրիլի 24-ից հետո: Իմ կարծիքով, այս տարի միջոցառումները յուրահատուկ էին, քանի որ դրանով մենք փորձեցինք ներկայացնել ոչ միայն քաղաքապետարանի, այլև մեր համաքաղաքացիների դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Ի դեպ, մենք միջոցառումների պատասխանատու հայտարարեցինք համայնքային հանձնաժողովին, և համարում եմ, որ դրա բոլոր անդամների համատեղ աշխատանքը հաջողված փորձ էր: Թե որքանով հաջողվեց հաղորդել համայնքում եւ հանրապետությունում տիրող` 100-ամյա տարելիցի տրամադրությունը եւ դրան համահունչ միջոցառումներ անցկացնել, կարծում եմ, դրա գնահատականը կտան մեր համաքաղաքացիները: 

- Պարո՛ն քաղաքապետ, թույլ տվեք այդ միջոցառումների շարքում առանձնացնել Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի հուղարկավորումը: Ինչպե՞ս ծնվեց այդ նախաձեռնությունը:

Աշոտ Հայրապետյան. «Կապանցու լավատեսությունը պայմանավորված է իր տեսակով»

 



- Այո՛, գթության քույր Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի հուղարկավորությունը իր ուրույն տեղը զբաղեցրեց մեր միջոցառումների շարքում: Այն օբյեկտիվ պատճառներով տեղի չէր ունեցել ուղիղ 100 տարի առաջ: Նրա հարազատների սերը, կարոտը և նվիրյալ հայուհուն մեծարելու մղումն է, որ թույլ չի տվել Վարսենիկին ժամանակին հուղարկավորել: Եղբայրը` Սմբատ Բեկը, զմռսել է նրա դին եւ ոչ թե հողին հանձնել: Վարսենիկի հուղարկավորման գաղափարը ծագեց գեղարվեստական խորհրդի նիստերից մեկում: Առաջարկի հեղինակը Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանն էր: Պատկան կառույցների ներկայացուցիչները հավանություն տվեցին առաջարկին: Չեմ թաքցնում՝ ես բավականաչափ տեղեկացված չէի նրա մասին: Իմ ունեցած տեղեկություններն առավելապես Սմբատ Բեկի մասին էին, քան նրա քույր Վարսենիկի: Նույնիսկ չգիտեի, որ անթաղ է: Ինչևէ, գեղարվեստական խորհրդի որոշումը պետք է հավանություն ստանար նաև հանրային խորհրդում, քանի որ այդպիսի աշխատակարգ ենք սահմանել. ճյուղային խորհուրդների որոշումները կյանքի են կոչվում հանրային խորհրդում հաստատվելուց հետո: Գեղարվեստական խորհուրդը ժամանակ խնդրեց արարողությանը պատշաճորեն նախապատրաստվելու և հանրությանը իրազեկելու համար: Ահա դրանից հետո Վարսենիկի հուղարկավորությունը տեղ գտավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում, և մենք կարողացանք այն իրականացնել:

 

 

- Ավարտվել է 2015 թվականի առաջին եռամսյակը: Հասկանալի է, որ առկա է ֆինանսատնտեսական ճգնաժամ: Այդուհանդերձ, ի՞նչ աշխատանքներ են այս տարի իրականացվելու քաղաքում: 

- Ասեմ, որ ծրագրերը շատ են և միշտ էլ շատ են եղել, այլ խնդիր է, թե ինչքանով են դրանք իրականություն դառնում: Քաղաքապետարանն այդ հարցում համառ է, և, անկախ ֆինանսական միջոցների առկայությունից, մենք փորձում ենք դրանք իրականացնելու համար ծրագրել մեր անելիքները: Փորձը ցույց է տվել, որ առանձին ծրագրերի դեպքում, երբ հաշվարկվում է դրա ծախսային մասը, պարզվում է, որ այն բարի ցանկության կամ երազանքի շարքից է: Այդուհանդերձ, մենք ունենք ծրագրված աշխատանքներ մինչև 2018-2020թթ.: Այսինքն` գիտենք, թե ուր ենք ուզում գնալ, ինչ ուղղությամբ, ինչն է կարևոր, որն է խնդիրների լուծման առաջնահերթությունը և քաղաքի զարգացման մեր տեսլականն ունենք: Պատկերացնում ենք, թե ինչպիսին պետք է լինի քաղաքը, բայց դրան միայն քաղաքային իշխանության ուժերով հնարավոր չէ հասնել: Մեծ ցանկություն ունեմ համախմբելու բոլորին այդ խնդիրները լուծելու համար:

Հիմա` 2015 թվականի անելիքների մասին: Մեր մշտական գործընկերների և հովանավորների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ների` համայնքային խնդիրների լուծման համար հատկացվող դրամական միջոցների տրամադրման ժամկետներով պայմանավորված` 2014 թվականի ծրագրերի մեծ մասը տեղափոխել ենք 2015 թվական, իսկ պետական բյուջեից անցած տարի կոնկրետ ծրագրերի իրականացման համար ընդհանրապես նպատակային հատկացում չեղավ: Թեև, բոլորիդ աչքի առաջ, համայնքային բյուջեի սուղ միջոցներով, այնուամենայնիվ, որոշ հարցերի լուծում տրվեց: Այս տարի պետբյուջեից ակնակալում ենք մոտ 250 միլիոն դրամ, որը կուղղվի քաղաքի առաջնահերթ խնդիրների լուծմանը: Դրանք են՝ արվեստի մանկական և թիվ մեկ երաժշտական դպրոցների նորոգումը, թիվ 13 հիմնական դպրոցի մերձակա վերգետնյա կամրջի նորոգումը, Հալիձոր և Ձորք թաղամասերի փողոցների ասֆալտապատումը: Չնայած Հալիձոր թաղամասի դեպքում կարևորում եմ ոչ այնքան ասֆալտապատման, որքան անձրևաջրերի հեռացման խնդիրը, քանի որ, եթե հիմա ասֆալտապատենք առանց այդ հարցը լուծելու, ապա կարճ ժամանակ հետո կունենանք նույն պատկերը:
Եթե իրականացվող աշխատանքների ժամանակ ունենանք տնտեսում, նախատեսում ենք նորոգել նաև Դավիթ Բեկ թաղամաս տանող վերգետնյա կամուրջը, կկատարենք մայթերի բարեկարգման աշխատանքներ՝ Նժդեհի հրապարակից սկսած` Թումանյան, Արամ Մանուկյան փողոցներով մինչև քաղաքապետարանի դարպասներ, Արամ Մանուկյան փողոցի` միայն աջ մայթը: Ձախ մայթը որոշել ենք բարեկարգել բնապահպանական ծրագրերով` մինչև 2016 թվականը ներառյալ: Նախատեսվում է նորոգել բնակֆոնդի 6 հարթ և լանջավոր տանիք:

- Կներեք, այդ ցանկում Երկաթուղայիններ 13 շենքի տանիքը ներառվա՞ծ է:

- Ասեմ, որ կա նույն վիճակում գտնվող 48 տանիք, որոնք հրատապ վերանորոգում են պահանջում, բայց ցանկում ընդգրկված են Շինարարներ 11, Մելիք-Սեփանյան 42, Հունան Ավետիսյան 4, Ռաֆայել Մինասյան 20բ, Ռաֆայել Մինասյան 19ա, Լենհանքեր 7 շենքերը: Դրանցից չորսը լանջավոր են, երկուսը՝ հարթ: Եվս երեք շենքի հարթ տանիքներ կնորոգվեն մասնակի:

- Ասացիք, որ այս աշխատանքներն իրականացվելու են պետական բյուջեի հատկացումների հաշվին: Վերջերս «ԴՓՄ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը խոստացավ առաջիկա ամիսներին համայնքային խնդիրների լուծման համար հատկացնել 100 հազար ԱՄՆ դոլար: Նա նաև նշեց, որ գումարը ծախսվելու է այն ծրագրերի իրականացման համար, որոնց վերաբերյալ Ձեզ հետ կգան համաձայնության: Քննարկվե՞լ են, թե ինչ ծրագրեր պետք է իրականացվեն:

- Կարելի է ասել, որ մենք համաձայնության եկել ենք, բայց քանի որ «ԴՓՄ Կապան»-ի տնօրենը պետք է ստանա նաև սեփականատիրոջ համաձայնությունը, չեմ ուզում առաջ ընկնել եւ թվարկել, թե ինչ ենք անելու: Կարող եմ ասել` որոշել ենք առաջնահերթությունները: Դրանք են՝ մատաղ սերնդին վերաբերվող խնդիրները. դա կարող է լինել սպորտհրապարակի կամ մանկապարտեզի խմբասենյակի նորոգում: Հաջորդը եկեղեցուն հարակից գոտու բարեկարգումն է: Կարծում եմ, որ այս հարցում «ԴՓՄ Կապան» ՓԲԸ-ն միակ ընկերությունը չի լինելու: Օգտվելով առիթից` հիմա թերթի միջոցով դիմում եմ քաղաքի բոլոր տնտեսվարողներին և կապանցիներին: Ինչ-ինչ նպատակների համար միգուցե պատշաճ չհամարենք դիմել, խնդրել, որպեսզի աջակցեն, բայց այս հարցի հետ կապված՝ հույս ունեմ, որ մեր համաքաղաքացիները ճիշտ կգնահատեն խնդրանքը, և կստանանք համարժեք պատասխան: Համաձայնեք, որ եկեղեցաշինության եւ եկեղեցու տարածքը բարեկարգելու խնդիրը բոլորիս պարտքն է: Չմոռանանք, որ եկեղեցին լուրջ առաքելություն է ունեցել այն ժամանակ, երբ մենք պետականություն չենք ունեցել: Այսօր, փա՛ռք Աստծո, ունենք պետություն, և եկեղեցին, իր կարեւոր առաքելությունն իրականացնելով հանդերձ, սատար է մեր պետականությանը:

- Տարածքային կառավարման ներկա համակարգը համայնքների միջև տարանջատում չի դնում: Անգամ «քաղաքային» և «գյուղական» համայնքներ տարանջատումը վերապահումով կարելի է ընդունել, քանի որ բոլորն էլ նույն օրենքի նույն դրույթներով են գործում: Բայց Կապանն ունի մարզկենտրոնի կարգավիճակ. ինչո՞վ է այն արտահայտվում, ո՞րն է այդ կարգավիճակով պայմանավորված տարբերությունը մյուս համայնքներից, բացի նրանից, որ Սյունիքի մարզպետարանը գտնվում է մեր քաղաքում:

- Նախ՝ միայն մարզպետարանը չէ, որ գտնվում է Կապանում. այստեղ նաև հանրապետական կառույցների մարզային շատ ստորաբաժանումներ են գործում: Ինչ վերաբերում է մարզկենտրոնի կարգավիճակին, ապա, այո՛, տարբերակված չեն համայնքների իրավասությունների և պարտականությունների շրջանակները: Բայց սա ոչ թե վերադաս` ՀՀ ՏԿԱԻ նախարարության խնդիրն է, եթե համարենք սա խնդիր, այլ իրավական. որևէ հիմնարար փաստաթղթում որևէ սահմանում կամ ձևակերպում գոյություն չունի: Ես նկատի չունեմ` դա լավ է, թե վատ, ուղղակի արձանագրում եմ փաստը: Մյուս կողմից, ցանկացած մարզկենտրոնի` որպես համայնք, պարտականությունն եմ համարում, այո՛, առանձնանալ, ընդգծվել որպես մարզկենտրոն` դրան վայել և հարիր բոլոր ատրիբուտներով: Անկախ իրավական սահմանումներից եւ օրենքի պահանջներից` մենք Կապանում ձգտում ենք ընդգծել, կարեւորել մեր դերը` որպես մարզկենտրոն:

- Մայիսի 17-ին հանրապետության երեք մարզում հանրաքվեի միջոցով մեկնարկում է ՀՀ-ում համայնքների խոշորացման ծրագիրը: Այս հարցում Կապան համայնքը որևէ առաջարկություն ունի՞: Օրինակ, մեծ տարբերություն չկա Կապանի առանձին թաղամասերի եւ Սյունիք գյուղի միջև. ինչո՞ւ չենք կարող միավորվել: 

- Մենք անպայման կունենանք առաջարկություն: Եվ ասեմ, թե ինչու: Եթե այլ համայնքներում այդ ծրագիրը խնդրահարույց է կամ հանդիպում է դիմադրության, կարծում եմ` Կապանի շրջանում պետք է որ չունենանք այնպիսի խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս այն համայնքներում, որտեղ փորձ է արվում խոշորացում իրականացնել: Ուզում եմ պարզաբանել` եթե բռնակոթցին իրեն չի համարում սիսիանցի, ապա Սյունիք գյուղում բնակվողն իրեն համարում է կապանցի, և այդպես իրենց կապանցի են համարում այս տարածաշրջանի բոլոր գյուղերի բնակիչները: Խորհրդային տարիներին Կապանի շրջանի գյուղերի բնակիչներն ապրում էին նաև Կապան քաղաքում, աշխատում էին այստեղ գտնվող հիմնարկ-ձեռնարկություններում: Գյուղական յուրաքանչյուր ընտանիքից, եթե ոչ բոլորը, ապա մեկ-երկու հոգի աշխատում էր քաղաքում: Դրա վառ ապացույցը ուղևորափոխադրումների երթուղիները և լեփ-լեցուն ավտոբուսներն էին: Պակաս վառ ապացույց չէ եւ այն, որ անկախ նրանից, թե ով տարածաշրջանի որ գյուղում էր ապրում, առաջին հերթին ներկայանում էր որպես կապանցի և միայն ճշտող հարցի դեպքում էր մատնանշում իր գյուղը: Այդպես է նաև, օրինակ, քաջարանցիների պարագայում: 
Իսկ ներկա ժամանակներում դրան գալիս է լրացնելու այն փաստը, որ իմ ընդունելության օրերին ամենատարբեր խնդիրներով շատ են ինձ դիմող` Կապանի տարբեր գյուղերի բնակիչները. ու նրանք բնական են համարում, որ իրենց հարցի լուծումը հենց Կապանի քաղաքապետարանը պիտի տա: Ասածներս չպետք է ընկալել որպես նախկին խորհրդային շրջանը վերականգնելու առաջարկ, բայց համոզված եմ, որ մեր դեպքում միավորման հարցն ավելի անցավ կլուծվի: Եվ կրկնեմ, որ մինչև տարեվերջ մենք հանդես կգանք մեր առաջարկությամբ: Այդ կարծիքին են նաև իմ որոշ գործընկերներ՝ համայնքների ղեկավարներ: Միևնույն ժամանակ, խոշորացման ծրագիրը բոլոր տեղերում չպետք է նույն կերպ ընթանա, պետք է հաշվի առնել տեղային առանձնահատկությունները:

- Կապանն ունի քաղաքային մշակույթ ունեցող եւ քաղաքում բնակվողին բնորոշ մտածելակերպով բնակչություն: Ու եթե ժամանակին դա առավելություն և հպարտանալու առիթ էր, ապա հիմա այս հանգամանքը դարձել է հիմնական խնդիր, քանի որ կապանցին սովոր էր ունենալ աշխատանք, գնալ աշխատանքի և աշխատավարձ ստանալ: Խորհրդային տնտեսական համակարգի փլուզումից հետո, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Կապանում չունենք գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, սա նպաստեց գործազրկության մակարդակի մեծ աճին, որը, ի դեպ, ավելի բարձր է, քան հանրապետական միջինը: Կա՞ որևէ առարկայական ծրագիր, որը կարող է նպաստել քաղաքում գործազրկության նվազմանը: Այս խնդիրն ուղղակի կապ ունի արտագաղթի հետ, որով էլ պայմանավորվում է քաղաքի բնակչության թվի չդադարող նվազումը:

- Իհարկե, կապ ունի: Վերջերս Սյունիքում էր ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը և մասնակցեց Սյունիքի մարզխորհրդի նիստին: Այնտեղ ես ելույթ ունեցա ու Կապանում առկա խնդիրներից առաջին տեղում նշեցի հենց այդ խնդիրը: Չնայած, ինչպես գիտեք, համայնքապետարանները նման խնդիրներով զբաղվելու գործառույթ չունեն, եւ մեր անելիքն այս հարցում համայնքային ենթակայության հիմնարկների բնականոն աշխատանքի ապահովումն է ու դրանց աշխատատեղերի, եթե ոչ ավելացումը, գոնե պահպանումը: 

- Բայց` որպես տեղական ինքնակառավարման մարմին, որը հետամուտ է իր բնակիչների խնդիրների լուծմանը, թերևս կարելի է քայլեր ձեռնարկել:

- Որպես շահագրգիռ կառույց՝ իհարկե: Մենք ընդգծել ենք այն առաջնահերթությունները, որոնց լուծման դեպքում համայնքը կարող է զարգացում ապրել: Դուք կարևոր հանգամանք նշեցիք, որ Կապանն ունի քաղաքային մշակույթ ունեցող բնակչություն. սա թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր ունի: Մենք ունենք գրեթե քանդված կամ անմխիթար վիճակում գտնվող ենթակառույցներ: Դա որևէ մեկի կամ համայնքի որեւէ ղեկավարի մեղքը չէ, այլ անցումային շրջանից բխող իրավիճակ է, բայց մենք փորձում ենք լուծումներ գտնել: Նման իրավիճակի հետեւանքներից է գործազրկության խնդիրը: Հարցի լուծման համար մեր նպատակն է թե՛ ներսի, թե՛ դրսի նեդրողների համար ստեղծել գրավիչ միջավայր, որպեսզի այստեղ ստեղծեն աշխատատեղեր: Խոսքը փոքր և միջին բիզնեսի մասին է: Ավելի անկեղծ լինեմ` այնքան էլ կողմ չեմ մեծ ընկերությունների գործունեությանը: Դրանք սովորաբար ռիսկային են: Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, Դուք էլ գիտեք, որ կա ծրագիր, որով նախատեսում են վերամշակել պոչամբարները: Շատ շահագրգռված եմ այդ ծրագրով` երկու պատճառով: Առաջին` ծրագրի կյանքի կոչման դեպքում աշխատատեղեր կստեղծվեն, երկրորդ` վերամշակվելու են մեր տարածաշրջանում առկա պոչամբարները եւ դրանով նաև բնապահպանական խնդիրներ կլուծվեն:
Կցանկանայի, որ զարգանա միջին բիզնեսը: Ասում եք, որ մենք գյուղատնտեսությունից հեռու ենք, բայց չէ՞ որ մեր անտառները բավականին հարուստ են: Կարելի է ստեղծել վերամշակող ընկերություն: Չնայած մենք սովոր ենք այլ տարբերակի՝ գնալ աշխատանքի, երեկոյան գալ տուն, տարեկան մեկ-երկու անգամ էլ հանգիստ վայելել, բայց եթե կարող ենք բնության բարիքը մշակել, ինչո՞ւ ոչ: Շահագրգռված եմ, որ այստեղ կայանա նաեւ փոքր բիզնեսը` հատկապես սպասարկման ոլորտում: Չթվա, թե այդ ոլորտը հագեցած է: Ուսումնասիրություններ ենք կատարել ու պարզել, որ այդ ոլորտում անելիքներ կան, հատկապես` զբոսաշրջության բնագավառում, և հիմա փորձում ենք այդ ուղղությամբ որոշակի քայլեր անել:

- Զբոսաշրջության առումով ուզում եմ նշել նորաստեղծ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը: Այն ունի նաև դոնոր կազմակերպություն, որը էկոհամակարգի պահպանման և էկոտուրիզմի զարգացման նպատակով պատրաստակամություն է հայտնել կատարելու շուրջ ութ միլիոն եվրոյի ներդրում: Որևէ գործնական քայլ կա՞ այս ուղղությամբ: Խոսքը KfW բանկի մասին է:

- Ես տեղյակ չեմ, թե ձեր նշած կառույցը որքանով է հետաքրքրված նման խնդիրներով: Համալիրը նոր է ստեղծվել և առաջին քայլերն է անում, ու մենք կփորձենք համագործակցել: Իհարկե, սա միայն այդ համալիրի խնդիրը չէ: Եթե ասում ենք՝ զբոսաշրջություն, դա ենթադրում է՝ անվտանգություն, հարամարվետություն և այլն: Նշեմ, որ զբոսաշրջության զարգացման նպատակով արդեն ութ ամիս է՝ աշխատում ենք մի ծրագրի ուղղությամբ, որը KfW բանկի ներդրումային ծավալը չունի, բայց դարձյալ տպավորիչ է: Խոսքը մեկ միլիոն վեց հարյուր հազար եվրոյի մասին է: Այս ծրագրով մենք փորձում ենք զբոսաշրջությունն ու աղբահանությունը կապել իրար: Առաջին հայացքից թվում է, թե դրանք իրար հետ կապ չունեն, բայց այդպես չէ: Զոսաշրջիկին չի կարող հրապուրել մի տուրիստական երթուղի կամ վայր, որը խնամված ու մաքուր չէ: Այս ծրագրի շուրջ մենք փորձում ենք համախմբել նաև այլ համայնքների: Առաջ չընկնելով` միայն ասեմ, որ համագործակցում ենք «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ: Ծրագիրը հովանավորելու է Եվրախորհուրդը: Ու թեև մենք աշխատում ենք Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի հետ, ծրագիրը հաստատվելու է Բրյուսելում:

- Պարո՛ն քաղաքապետ, մոտ մեկ տարի առաջ Քաջարանի կոմբինատում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ունեցանք նոր ղեկավարություն: Այն ժամանակ ձեռնարկության նորանշանակ վարչական տնօրեն Վահե Հակոբյանը լրատվամիջոցներից մեկով հայտարարել էր, որ իրենք պատրաստ են կատարել ՀՀ կառավարության 2004 թվականի որոշումը, որով մասնավորեցվող ընկերությունը պետք է համայնքներին հանձներ սոցիալական նշանակության կառույցները: Նա նշել էր, որ այդ հարցի լուծման լավագույն տարբերակը կարող է լինել համայնքային հանրաքվեն: Կապանի դեպքում նման կառույցներ են «Գանձասար» ճամբարը և աշխատողների հանգստյան տունը՝ պրոֆիլակտորիումը: Դիմելո՞ւ եք «ԶՊՄԿ» ՓԲԸ-ին կառույցները քաղաքին հանձնելու առաջարկությամբ և արդյո՞ք նախաձեռնելու ենք նման հանրաքվե:

- Տեղական հանրաքվե կազմակերպելու գործառույթը անորոշություններ ունի: Վերջերս մենք Հայաստանի համայնքների միությունում անդրադարձել ենք այդ խնդրին: Կարծում եմ` սահմանադրական բարեփոխումներից հետո հարցը կհստականա: Ինչ վերաբերում է 2004 թվականի այդ որոշմանը, ուզում եմ անկեղծ լինել՝ չեմ տիրապետում նման տեղեկության: Այսինքն՝ խոսքը վերաբերում է ոչ թե սևով սպիտակի վրա գրված որոշմանը, այլ այն պայմանավորվածություններին, որոնց արդյունքում որոշումը իրականություն չի դարձել: Իսկ նման դեպքում չգիտեմ, թե որքանով տեղին կլինի փորձել որպես պահանջատեր կամ հայցվոր հանդես գալ: Այլ խնդիր է, որ մենք ունենք թե՛ մատաղ սերնդի, թե՛ բնակչության հանգիստը կազմակերպելու խնդիր: Կոմբինատի նախկին և ներկա ղեկավարության հետ ես այդ երկու կառույցի հանձնման հարցը չեմ քննարկել: Ուզում եմ` ոչ թե կարևորենք այդ կառույցների հանձման փաստը, այլ հարցին նայենք այլ տեսանկյունից: Ասենք թե կառույցները հանձնեցին, համայնքը չունի միջոցներ այդ կառույցները թե՛ կարգի բերելու, թե՛ շահագործելու համար: 

- Զրույցի սկզբում խոսում էինք Կապանը մարզկենտրոնի կարգավիճակ ունեցող քաղաքին հարիր պահելու մասին: Կարծում եմ` տեղին կլիներ, որ «ԶՊՄԿ»-ի կողմից կառուցվող բիզնես կենտրոնը հատկացվեր մարզկենտրոնին, որպես համայնքային կենտրոն: Կա՞ տարբերակ այն ստանալ` որպես նվեր քաղաքին:
- Այդ միտքը Ձեր մեջ նո՞ր է առաջացել, թե՞ միշտ եղել է: 

- Միշտ եղել է` կառուցման պահից:

- Լավ, ասեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ «ԶՊՄԿ» ՓԲԸ նոր ղեկավարության հետ շրջել ենք բիզնես կենտրոնի, կառուցվող շատրվանի, մշակույթի կենտրոնի ընդհատված շինարարության հրապարակներում: Իմ տպավորությունն ասեմ, հետո կպատասխանեմ Ձեր հարցին: Չգիտեմ՝ ինչքանով ճիշտ կլինի, կամ կոմբինատի ղեկավարությունը որքանով տեղին կհամարի այդ շենքը շինարարության ավարտից հետո որպես կոմբինատի տնօրենության նստավայր ծառայեցնելը: Ես չէի եղել այդ շենքում. թեև ինքս քաղաքաշինության գիտակ չեմ, բայց, որպես խոշոր ընկերության տնօրենության նստավայր՝ այն տեղին կլիներ, եթե քաղաքում ևս մեկ-երկու նման շինություն լիներ: Այս մտահոգությունը հայտնեցի նաև կոմբինատի ղեկավարությանը: Նաև կեսկատակ-կեսլուրջ առաջարկել եմ շենքը տրամադրել քաղաքապետարանին: Ճիշտ հասկացեք, այստեղ ոչ թե իմ նստավայրի մասին է խոսքը, այլ համայնքային իշխանության: Եթե մտածում ենք, որ մարզկենտրոնի թիվ մեկ կառույցը համայնքապետարանն է, ապա, իհարկե, այն պետք է լինի ամենագրավիչ շենքում: Ահռելի մեծ գումարներ են ծախսվել այդ շենքի կառուցման համար և շինարարությունն ավարտին հասցնելու համար դեռ պետք է ծախսվեն: Իմ կարծիքով, տնօրենությունը հստակ դիրքորոշում չունի շենքի հետագա ճակատագրի վերաբերյալ, այնպես որ, բարեկրթությունը պահանջում է, որ իրենք պատասխանեն այդ հարցին: Շենքի հետ կապված ես իմ մեկ այլ մտահոգություն եմ հայտնել: Քանի որ այն բավականին երկար ժամանակ է կառուցվում է, և շինարարության հետ կապված թե՛ երթևեկության, թե՛ հետիոտների համար կան արհեստական արգելապատնեշներ, ես խնդրեցի հնարավորինս արագ ավարտել բակի հատվածի աշխատանքները և հանել արգելապատնեշները: Պայմանավորվեցինք, որ կարճ ժամանակահատվածում այդ հարցը լուծում կստանա, և ցանկապատները կհանվեն:

- Ձեր պաշտոնավարման ժամկետում ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է:

- Դեռ չեմ ավարտել…

- Խոսքը մինչ այժմ պաշտոնավարման մասին է:

- Դժվարանում եմ պատասխանել, բայց ամենամեծ ձեռբերումը, եթե այն իմ մեջ փնտրեմ, այն է, որ երկուսուկես տարի առաջ կայացրած որոշմանս ժամանակ ունեցած համոզմունքներս, սպասումներս (այդ թվում նաև հիասթափության) գրեթե չեն փոխվել: Սա` միայն իմ անձի մասին: Իսկ եթե քննարկենք կատարված աշխատանքը, թող բարձր չհնչի, ամենևին չեմ թերագնահատում նախկին տարիների աշխատանքը: 
Կարծում եմ` համայնքային իշխանության հանդեպ մեր համաքաղաքացիների վստահության աճ կա: Նաեւ կընդգծեի այս կառույցի և աշխատակազմի աշխատանքները մեկ թիմ դառնալու և մեկ գաղափարի շուրջ համախմբվելու ձգտումը իրագործելու ուղղությամբ, թիմ, որ նաև հաճույք է ստանում կատարած աշխատանքից: Իսկ թե որ ծրագիրը իրականացրինք, որը` ոչ, այլ հարց է… Եթե փորձեմ առանձնացնել որևէ ծրագիր, ճիշտ չի լինի, քանի որ դեռեւս շատ ծրագրեր ու անելիքներ կան թե՛ իմ օրոք, թե՛ ընդհանրապես: Մինչև ինձ էլ շատ կարևոր խնդիրներ են լուծվել: Եթե փորձեմ կարևորել որեւէ լուծված հարց, ստվերում կթողնեմ մյուսները:

- Ես խնդրեցի նշել մեկը:

- Եթե մեկը, ապա` աշխատակազմի աշխատանքի շնորհիվ քաղաքապետարանի դերի ու բնակչության գիտակցության մեջ նրա նշանակության բարձրացումը:

- Մեր զրույցի սկզբում ասացիք, որ կան ծրագրեր, որոնք կյանքի են կոչվելու մինչև 2018-2020թթ., ասացիք նաև, որ հաճույք եք ստանում այս աշխատանքից: Կարելի՞ է ենթադրել, որ առաջադրվելու եք 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում:

- Ենթադրություններ միշտ էլ կարելի է անել…

- Ես նկատի ունեմ, որ Դուք ասում եք՝ ծրագրեր կան մինչև 2018-2020թթ., բայց նաև գիտեք, որ 2016 թվականին համայնքի ղեկավարի ընտրություններ են:

- Հասկացա Ձեզ: Իմ ակնարկը, թե ծրագրեր ենք իրականացնելու մինչև 2018-2020թթ. ամենևին չի նշանակում, որ անպայման ես եմ լինելու համայնքի ղեկավարի աթոռին: Ես փորձում եմ անել այնպես, որ մեր ծրագրերը լինեն հեռանկարային, երկարաժամկետ: Եվ ով էլ լինի համայնքի ղեկավարը, շարունակի դրանք կյանքի կոչել: Այդ ծրագրերը ոչ թե իմ, այլ համայնքի խնդիրների լուծում են ենթադրում: Իմ պաշտոնավարման սկզբում, երբ հարցնում էի մեր աշխատակազմին, թե ինչ ընթացիկ ծրագրեր ունենք, մի փոքր դժվարանում էին հարցի պատասխանը տալ: Ահա դրա համար ենք մշակել երկարաժամկետ ծրագրեր: Այսինքն՝ աշխատակազմը և կառույցը պետք է միշտ իրենց անելիքներն ունենան, նպատակը պատկերացնեն, իսկ համայնքի ղեկավարը պետք է նպաստի դրանց իրականացմանը:

- Հարցին չպատասխանեցիք:

- Չմոռանանք, որ համայնքի ղեկավարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և ընտրություններից մեկուկես տարի առաջ կդժվարանամ պատասխանել: Նախ` դեռ անելիքներ կան. չէ որ կատարված աշխատանքով պետք է ներկայանաս: Համայնքի`արդեն պաշտոնավարած ղեկավարը` որպես թեկնածու, չի կարող հավանական մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններում լինել. ընտրողը նրանից կատարած աշխատանքի հաշվետվություն է պահանջելու: Ընտրությունները ցանկացած համայնքում ցնցումներ են առաջացնում, եւ տեղին չեմ համարում ժամկետից շուտ հանրությանը տրամադրել ընտրական գործընթացին և քննարկումներ սկսել: 

- Անկախ նրանից համայնքի ղեկավարը կառաջադրվի, թե չի առաջադրվի` 2016 թվականին ՏԻՄ ընտրություններ են: Ու այդ ընտրությունները գործող համայնքի ղեկավարի համար դառնում են քննություն, որի ժամանակ ընտրողը տալիս է կատարված աշխատանքի գնահատականը: Ձեր կարծիքով` կապանցի ընտրողը ճի՞շտ է համարելու «Հայջրմուղկոյուղու» հետ կնքած պայմանագիրը:

- Նախ ես համարում եմ, որ Կապան համայնքը, կապանցին այդ հարցի պատասխանը պետք է ունենան ոչ թե 2016 թվականի ընտրությունների ժամանակ, այլ արդեն 2015 թվականի վերջում, իսկ 2016 թվականի ընթացքում կզգան այդ պայմանագրի արդյունքները:
Երբ ես կոչով դիմում էի ավագանու անդամներին և կապանցիներին, որով վստահեցնում էի, որ մեր որոշումը ավելի քան արդարացված է լինելու, ես հիմքեր ունեի դրա համար: Ես վստահ էի, որ գալու է այն օրը, երբ այդ հարցում ամենակասկածամիտ մարդը և ամենաթյուր կարծիք ունեցող քաղաքացին համոզվելու են, որ այդ որոշումը ճիշտ էր: Այն ժամանակ հարցը շահարկվեց: Մարդիկ քաղաքական ենթատեքստ էին փնտրում, չմոռանաք՝ նաև Դուք: Չգիտեմ՝ որքանով ես այն ժամանակ կարողացա համոզել մեր համաքաղաքացիներին, այդ թվում՝ նաև Ձեզ, որ քաղաքական պատվեր չկա, որևէ մեկը կառավարության օղակներում շահագրգռված չէր, որ ցանցը մնա «Հայջրմուղկոյուղու» կառավարման ներքո:
Հիշեցնեմ, որ այն տրված էր «Հայջրմուղկոյուղու» անժամկետ տնօրինմանը եւ` առանց պայմաններ թելադրելու ու պարտավորությունների: Իրականում «Հայջրմուղկոյուղին» նման նոր պայմանագրի կարիք չուներ, այլ` համայնքը: Նոր պայմանագրում արտացոլվեցին մեր պահանջներն ու «Հայջրմուղկոյուղու» պարտավորությունները: Ես, ճիշտն ասած, սպասում էի, որ մի օր այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հանդես էին գալիս այս ծրագրին դեմ, այդ թվում և Դուք, կտաք այն հարցերի պատասխանը, որոնց մասին բարձրաձայնում էիք, որովհետև կարծում եմ, որ Դուք ստացել եք ձեզ հուզող այդ հարցերի պատասխանները: Ձեր աչքի առաջ այն խոստումները, որ տրվել էին «Հայջրմուղկոյուղու» կողմից և այն պայմանագիրը, որ կնքվեց Հայջրմուղկոյուղու և համայնքի միջև այսօր կետ առ կետ իրականություն են դառնում: Ավելի քան վեց միլիոն դոլար է արդեն ներդրվել համայնքում: Այն ժամանակ ես ասում էի, որ կապանցիների (այդ իմաստով) անվտանգությունը շատ կարևոր է ինձ համար:

- Պարո՛ն քաղաքապետ, ես մնում եմ իմ նախկին կարծիքին և գտնում եմ, որ կառույցը պետք է մնար համայնքային ենթակայության տակ: Ինչևէ, 2015 թվականի առաջին եռամսյակն ավարտվել է. ի՞նչ արդյունքներ կան համայնքային բյուջեի կատարողականի առումով:

- Սեփական մուտքերի կատարողականը կազմել է ավելի քան 100 տոկոս: Նման արդյունք ունենք որոշ հոդվածների գերակատարման հաշվին:

- Եվ վերջին հարցը: Ասացիք, որ ցանկացած աշխատանքի հաջողությունը կախված է լավատեսությունից. ինչո՞վ պետք է պայմանավորված լինի կապանցու լավատեսությունը վաղվա օրվա հանդեպ:

- Կապանցու լավատեսությունը կախված չէ ինձնից կամ իմ աշխատանքից: Եթե կապանցին լավատես չլիներ, ես և դուք այս աշխատասենյակում չէինք լինի: Կապանցու լավատեսությունը փորձություն անցած և արդարացված է՝ պայմանավորված գեներով և ապրելու ցանկությամբ: Մենք ընդամենը կարող ենք մի փոքր միջավայր ստեղծել, իսկ գլոբալ առումով կապանցու լավատեսությունը պայմանավորված է հենց իր տեսակով:

- Շնորհակալություն, պարո՛ն քաղաքապետ:

- Ձեզ էլ շնորհակալություն:

Զրույցը վարեց Սասուն Մանուկյանը

Սյունյաց լրագիր
http://syunik.am/syuniqi_marz/115--.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner