Բովանդակություն * | Ապրիլի 19-ին Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը հանդիպում ունեցավ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արա Ռոստոմյանի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանի եւ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի համակարգող Ոսկան Ղազարյանի հետ։
Հանդիպմանը ներկա էին նաեւ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի Սյունիքի տարածքային զարգացման ծրագրի եւ համայնքապետարանի ներկայացուցիչները։ Հանդիպման նպատակը «Հասանելի համայքնային ծառաություններ» ծրագրի ու կոնկրետ Կապան համայնքում այն արդեն կիրառելու տարբերակների քննարկումն էր․ ծրագիրն իրականացնում են ԱՄՆ ՄԶԳ-ը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը եւ «Մանկական զարգացման հիմնադրամը», եւ դրա շրջանակներում նախատեսվում է նաեւ, որ համայնքապետարանը՝ որպես համայնքային ծառայող, պետք է համայնքի սոցիալական աշխատողի հաստիք ունենա։ Աշոտ Հայրապետյանը նշեց, որ ի տարբերություն այլ համայնքների, Կապանում վաղուց գործում է մի ամբողջ կառույց՝ «Կապանի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ը, որն ունի սոցիալական աշխատանքի փորձ,եւ համապատասխան մասնագետներ, իսկ միայն մեկ համայնքային սոցաշխատողը Կապանի պես լայն աշխարհագրությամբ եւ բազմաբնակավայր համայնքում չի կարող բավարար լինել։ Արա Ռոստոմյանը, ողջունելով Կապանում նմանօրինակ համայնքային կազմակերպության գործունեության օրինակը, նշեց, որ սոցաշխատողի հաստիքի ներդնումը նաեւ պետական քաղաքականության մաս է, համայնքն իր հնարավորություններից ելնելով՝ կարող է ունենալ առավել շատ աշխատակիցներ, իսկ կոնկրետ Կապանում նա համակարգողի, արդեն գործող աշխատակիցների ուսուցանողի, վերահսկողի դեր կարող է ունենալ, քանի որ Վորլդ Վիժն-ը աշխատանքի ընդունված աշխատակցի համար նախատեսում է վերապատրաստումներ, դասընթացներ, մեթոդական եւ այլ աջակցություն։ Եվ սրան զուգահեռ կաջակցեն Կապանի մանկական կենտրոնի կարողությունների ընդլայնմանը։ Ծրագիրն իրականացվում է 2017-ից եւ կտեւի մինչեւ 2020 թվականը։ Այն ներդրվում է ՀՀ բոլոր մարզերի 60 համայնքներում եւ Երեւանում, արդյունքում ակնկալում են Հայաստանում ունենալ ընտրված եւ վերապատրաստված սոցիալական աշխատողներ։ Հյուրերը համայնքապետարանի աշխատակազմի հետ քննարկեցին կոնկրետ հարցեր, որոնք առնչվում են ներդրվող հաստիքում աշխատողի պարտականություններին, առավել արդյունավետ աշխատանքի հետ կապված առաջարկներ լսեցին։ Հստակեցվեց, թե որոնք են ծրագրում համայնքի, իրականացնող կազմակերպությունների եւ պետական հատվածի պատասխանատվության շրջանակները։ |