Քչերը գիտեն Կապանի գեղատեսիլ բնության, կուսական անտառների, խոր ձորերի, ժայռոտ ու բարձրադիր լեռների մասին։
Այս տարածաշրջանը բացի գեղեցիկ բնաշխարհ լինելուց, հնագույն քաղաքակրթության օջախ է։ Այստեղ հանդիպում է ավելի քան 450 պատմամշակութային հուշարձան։ Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար) փաստագրական տվյալներ է բերել այն մասին, որ այս տարածաշրջանում քաղաքակրթություն է գոյություն ունեցել դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։ Հնում բնակավայրը կոչվում էր Յոթնաբերդ` հավանաբար նրա սահմանները տեղանշող յոթ բերդերի պատճառով, մինչդեռ «Կապան» բառի արմատների վերաբերյալ առ այսօր ստուգաբանական բանավեճեր են ընթանում։ Ըստ տարածված տեսակետներից մեկի, Կապանը հնդեվրոպական բառ է, որը նշանակում է կիրճ կամ լեռնանցք։ Մեկ այլ տեսակետի համաձայն «կապ» նշանակում է «փակ», քաղաքն իրոք պարփակված է շրջակա լեռնաշղթաներով։ 10-րդ դարից սկսած մատենագիրների մոտ Կապանն արդեն հիշատակվում է որպես քաղաք, իսկ 10-րդ դարի վերջում արդեն որպես Սյունիքի թագավորության մայրաքաղաք։
Թեպետ Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ մյուս քաղաքների հետ պակաս նպաստավոր է այն առումով, որ քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ) և շատերին այդ հեռավորությունը ետ է պահում։ Սակայն հուսով ենք, որ այդ հեռավորությունը այլևս չի խոչընդոտի զբոսաշրջության զարգացմանը, քանի որ վերանորոգվել է Երևան-Կապան ավտոճանապարհը, 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել Տաթև-Կապան ավտոճանապարհը, ինչպես նաև շուտով կսկսի գործել վերանորոգված օդանավակայանը:
Կապան համայնքում կան զբոսաշրջային ռեսուրսներ՝ զբոսաշրջության /էկոտուրիզմ, լեռնային տուրիզ, էքստրեմալ տուրիզմ/ զարգացման համար: Դրանք են.
1.Բնական ռեսուրսներ. Կլիման, բնապատկերներ, գետեր, լեռներ, անտառներ, և այլն, որոնք հնարավորություն են տալիս մարդուն վերականգնելու հոգևոր և ֆիզիկական ուժերը, ինչպես նաև զբոսաշրջիկների համար մեր տարածաշրջանին հատուկ բուսական ու կենդանական ծագման էկոլոգիապես մաքուր ու բարձրորակ սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ պայմաններ:
2.Մարդածին ռեսուրսներ. Ճարտարապետական կառույցներ, հուշարձաններ, արվեստի ստեղծագործություններ և այլն:
3.Զբոսաշրջային տեղեկատվական ռեսուրսներ. Տարածաշրջանի պատմության, մշակույթի, բնության մասին տեղեկատվություն:
4.Լրացուցիչ ռեսուրսներ. Դրանք ուղղված են զբոսաշրջիկների կացության, տեղափոխման և այլ ծառայությունների ապահովմանը:
Կապան համայնքում գործում են հետևյալ հյուրանոցները՝
«Գրանդ Հաուս» հյուրանոցային համալիրը, որտեղ առկա են զույգերի, ընտանիքի և ընկերական շրջապատի համար նախատեսված բոլոր հարմարությունները:
Համալիրի տարածքում առկա է զիփլայն:
Հասցե՝ ք. Կապան, Շինարարների 6
«Դարիստ» հյուրանոցը, որն ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել 2000թ.:
Հյուրանոցը ունի հարմարավետ կահավորված սենյակներ, ռեստորան, ավտոկայանատեղ և բացօթյա սրճարան: Հյուրանոցը, գտնվելով Կապանի կենտրոնում, հարմար է ոչ միայն զբոսաշրջային, այլև գործնական նպատակներով այցելած հյուրերի համար:
Հասցե՝ ք. Կապան, Ա. Մանուկյան 1ա
«Դիան» հյուրանոցային համալիրը իր հյուրերին առաջարկում է 12 հարմարավետ երկտեղանոց համարներ:
Հյուրանոցային հարմարություններն են՝ շուրջօրյա սառը և տաք ջրամատակարարում, տեղական և արբանյակային հեռուստաալիքներ, ամենօրյա լրագրեր նախասրահում, ավտոկայանատեղի, համաժողովներ անցկացնելու հնարավորություններ:
Այս հյուրանոցային համալիրում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի տեղափոխում, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում: Սպորտի/ժամանցի համար ունեն սեղանի թենիսի և բիլիարդի հարմարություններ:
Հյուրանոցում առկա է անվճար կաբելային ինտերնետ կապ հանրամատչելի վայրերում:
Հասցե՝ Կապան քաղաք, Գործարանային փող. 3/2/1-2
«Կապանի Լեռնագործ» հյուրանոցային համալիրը, որի համարներից հիանալի տեսարան է բացվում դեպի Կապան քաղաք, իսկ հարավում` դեպի Սյունիքի բնաշխարհի թագուհի` Խուստուփ լեռը:
Հյուրանոցը բարձրահարկ է: Հյուրանոցային համարները 33-ն են և կարող են ընդունել մինչև 70 հյուր:
Հյուրանոցի հարմարավետ սենյակներն ապահովված են տաք և սառը մշտական ջրով, ջեռուցման համակարգով, կաբելային հեռուստատեսությամբ ու անհրաժեշտ հյուրանոցային կահույքով:
Հյուրանոցային համալիրի 2-րդ հարկում է գտնվում “Լեռնագործ” ռեստորանը: Այն կարող է սպասարկել մինչև 300 մարդու:
Ռեստորանը կարող է հանդիսանալ նաև բիզնես ֆորումների, հանդիպումների, սեմինարների սրահ:
Շենքին կից գործում է նաև սրճարան։
Համալիրի 1-ին հարկում գործում է ինտերնետ ակումբ:
Հասցե՝ ք. Կապան, Դեմիրճյան հրապարակ 2
Հեռ.: 0285 2 80 39
«Ոսկե Կապան» հյուրանոցը, որն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ համարներ: Բոլոր սենյակներն ունեն լոգասենյակ, ջեռուցման կենտրոնացված համակարգ, հեռուստացույց`արբանյակային հեռարձակմամբ և անվճար WiFi ինտերնետ:
Հասցե՝ ք. Կապան, Թումանյան փ. 3/1
«Պրինց» հյուրանոցը, որը շքեղության և հարմարավետության, գեղեցիկ միջավայրի և ջերմ սպասարկման համալիր է: Եթե դուք փնտրում եք հենց այդպիսի միջավայր Կապան քաղաքում, ուրեմն ՙՙՊրինց՚՚ հյուրանոցառեստորանային համալիրը Ձեզ համար է, որտեղ առկա են բոլոր պայմանները լիարժեք հանգստի համար: Այստեղ կարող եք նշել հարսանեկան արարողություններ, ծննդյան տարեդարձեր, կնունքներ և պարզապես խնջույքներ:
Հասցե՝ քաղաք Կապան, Շահումյան 32
<<ՎալԿիմ>> ՍՊ ընկերության հյուրանոցը գործում է Կապան քաղաքի Շինարարների փողոցում։ Ունի 6 հատ՝ մեկտեղանող, 17 հատ՝ երկտեղանոց, 5 հատ՝ երեք տեղանոց, 4 հատ՝ չորս տեղանոց և 1 հատ 5 տեղանոց համարներ։
<<Վանատուր>> հյուրանոցառեստորանային համալիրը գործում է 2005 թվականից։ Այն ունի երկու 3-տեղանոց համարներ։ Կից գործում է նաև ռեստորան, որը հարմար է տարբեր միջոցառումների կազմակերպման համար։
Հասցեն՝ ք․ Կապան, Արամ Մանուկյան 1-ին նրբ․, 1/3-1/7
Three Ways հյուրանոցառեստորանային համալիրը գործում է 2022 թվականից։ Այն ունի 24 երկտեղանոց և 2 լյուքս համարներ։ Համալիրի առաջին հարկում գործում է բար/ռեստորան։ Կից գործում է բացօթյա սրճարան։ Համալիրը հարմար է նաև կոնֆերանսների կազմակերպման համար։
Հասցեն՝ ք․ Կապան, Թումանյան 18/7,
Հեռախոս 0285 4 00 44
https://threeways.am
e-mail: threewayshotel@mail.ru
<<Ոսկե դար>> հյուրանոցառեստորանային համալիրը գործում է Կապան քաղաքի Մ․ Պապյան փողոցի 12 հասցեում։ Ունի 3 երկտեղանոց համար։
«ԻՄՊԵՐԻԱԼ» համալիրը, որն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնց ներքին հարդարանքը և հարմարությունները թույլ են տալիս ձեզ զգալ ինչպես տանը: Հյուրանոցի տարածքում առկա է մեծ ավտոկայանատեղի, որը հսկվում է տեսախցիկներով: Առկա է սպորտային լողավազան (25 մետր), մարզասրահ, գեղեցկության սրահ, բիլիարդի սրահ, կոնֆերենս սրահ, սրճարան և ռեստորան: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է հայկական, ռուսական և եվրոպական խոհանոցի համեղ ուտեստներ: Այստեղ կարող եք լիարժեք վայելել ձեր հանգիստը կամ գործուղումը:
Հասցե՝ ք. Կապան, Ա. Մանուկյան 1-ին նրբ. 8
1․ ALEX B&B - Գր․ Ազրումանյան փողոց 1-ին նրբ․, 13, 3 սենյակ՝ 2 հատ չորս տեղանոց և 1 հատ՝ 3 տեղանոց, 2 սանհանգույց, նախաճաշը և ճաշը՝ ըստ ցանկության։
2․ MOLI հյուրատուն - Գարեգին Նժդեհի 145, 8 հատ երկտեղանոց սենյակներ, առկա է խոհանոց։
3․ Նավասարդ Resort - Բաղաբուրջ թաղամաս, 3 քոթեջ՝ երկհարկանի, երկրորդ հարկը՝ երկտեղանոց, առաջին հարկը՝ մինչև 4 տեղանոց։ Յուրաքանչյուր քոթեջ ունի առանձին բացօթյա լողավազան։
4․ Khustup mountain B&B - Շիշկերտ գյուղ 18, 3 սենյակ՝ 2 հատ՝ չորս տեղանոց և 1 հատ՝ երկտեղանոց, նախաշաճ՝ և ճաշը՝ ըստ ցանկության, նաև eco սնունդ։
Խուստուփ լեռ
Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք ձգվում է Բարգուշատի լեռների հարավային ճյուղավորությունը՝ Խուստուփ-Կատարի լեռնաշղթան, որի ընդհանուր երկարությունը կազմում է 44 կմ: Խուստուփ լեռան բարձրությունը 3201 մ է: Նույնիսկ ամռան ամենաուժեղ տապին լեռան ծալքերում ձյան շերտերը տեղ-տեղ պահպանվում են: Ձյան հալոցքից առաջանում են աղբյուրներ ու գետակներ։ Խուստուփը խմելու ջրի անսպառ աղբյուր է: Խուստուփի հարավարևելյան լանջից են սկիզբ առնում Ողջի գետի աջ՝ Գեղանուշ և Վաչագան վտակները, իսկ հարավարևմտյան լանջից՝ Ծավ գետը: Լեռն ունի ալպյան մարգագետինների հարուստ բուսածածկույթ, հյուսիսարևելյան լանջերն անտառապատ են: Կազմված է ստորին կավճի հրաբախածին և նստվածքային ապարներից (պորֆիրիտներ, մերգելներ, կրաքարեր): Լանջերը մասնատված են, կան քարափներ, արհեստական և բնական քարանձավներ:
Խուստուփ անվան ստուգաբանությամբ շատերն են զբաղվել, սակայն հետաքրքրական է անվանի արևելագետ Սերգեյ Ումառյանի ստուգաբանությունը: Խուստուփ անվան հիմքը նա համարում է «խուտու՝ աղոթք» բառը, որին միացել է «տուհ» հոգնակիակերտ ածանցը և այսպիսով լեռանը տրվել է Աղոթական անունը: Հետագայում ժողովրդական խոսվածքում Խուտուտուհը դարձել է Խուստուփ:
Ժողովրդական մի ավանդության համաձայն՝ լեռը կոչվել է ոմն Խուսիի անունով:
Սյունիքում խիստ տարածված է եղել լեռների պաշտամունքը, բայց ամենից շատ պաշտամունքի արժանացել է Խուստուփ լեռը: Նրա գագաթը բարձրանալը և լեռան մեջ գտնվող քարայրում մոմ վառելը, աղոթելը և մատաղ անելը գալիս են դարերի խորքից: Քարանձավը սրբացվել է և համարվում է եկեղեցի: Այն բնության կողմից ստեղծված յուրահատուկ հուշարձան է, ունի մոտ 15 մ լայնություն, մի փոքր ավելի բարձրություն, խորությունը ՝ մոտ 25-30 մ: Առաստաղից կաթկթացող ջրից հատակին գոյացրել են լճակներ: Ամռան շոգին նույնիսկ լճակների մակերեսին սառցե շերտեր են նկատվում: Մի ավանդապատումի համաձայն՝ քարայրի ջուրը համարվում է սուրբ և հրաշագործ: Երաշտի և մորեխի տարիներին ժողովուրդը բարձրանում էր քարայր, այնտեղից վերցնում սուրբ ջուրը, տանում էր և ցողում դաշտերում, որպեսզի ոչնչանար մորեխը, և անձրև գար: Ջուր տանողը պիտի մոտենար անխոս և անխոս էլ վերադառնար իրենց գյուղի դաշտերը: Քարայրի խորքից նաև հող էին վերցնում, խառնում աղի հետ ու տալիս անասուններին և հիվանդ երեխաներին, որոնք բուժվում էին: Կապանի որոշ գյուղերում այժմ էլ գիտեն այն մարդկանց անունները, ովքեր բարձրացել են քարայր և երաշտի ժամանակ բերել սրբազան ջուրը:
Ուխտավորները նախ լինում էին Մատաղի հրապարակում, որը գտնվում է ձախ գագաթի հետնամասում, հետո այնտեղից իջնում էին եկեղեցի: Եկեղեցի իջնելը բավական դժվարին գործ է: Ճանապարհը նեղ կածան է, որն անցնում է քարից քար, և պահանջվում է լինել խիստ զգույշ: Եթե ուխտավորը անզգույշ քայլ անի, ապա նա կարող է հայտնվել անդնդում: Հայտնի է, որ նախկինում շատերը անզգուշության պատճառով գլորվել են անդունդը:
Քարանձավի ներսում քանդակված խաչեր և պատկերներ կան:
Ձախակողմյան գագաթը կոչվում է Ճգնավորի գագաթ: Այստեղ բարձրանում էին ոտաբոբիկ: Գագաթին մի քարակույտ կա, որի տակ, ասում են, թաղված է մի անհայտ ճգնավոր:
Խուստուփն ամենամարդաշատ լինում էր Վարդավառի օրը: Հնում Վարդավառի տոնը կապում էին ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերում, ջրերի ակունքների մոտ, որոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին նվիրված ծեսերն ունեցել են անձրև թափելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին՝ դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո, ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպելը, աղոթելը և զոհաբերություններ անելը դաշտերը հովանավորող ուժերին։ Սյունիքում, սակայն, Վարդավառի տոնը նվիրված էր լեռների գագաթների պաշտամունքին: Այդ տոնը նշվում էր նաև Մռավի, Մեծ Քիրսի, Սալվարդի, Մեծ Իշխանասարի վրա: Բայց ոչ մի տեղ այնքան բազմություն չէր հավաքվում Վարդավառի տոնին, որքան Խուստուփ լեռան գագաթին: Խուստուփ այցելում էին Կապանի և Մեղրու շրջանների բնակիչները: Մեկ օրվա ընթացքում Մատաղի հրապարակում Վարդավառի տոնին մորթվում էր մոտ 2000 ոչխար: Տղաների ու աղջիկների խմբապարերը ազդարարում էին տոնի սկիզբը, ու այդ օրը անցկացնում էին ուրախ հանդեսներ. կանայք երգում էին կատակերգեր, ջանգյուլումներ: Երիտասարդ տղաները իրենց ուժն ու հնարամտություններն էին չափում:
Խուստուփը եղել է նաև որպես անառիկ ապաստան Զանգեզուրի գոյամարտի առաջնորդ Գարեգին Նժդեհի և նրա զինակիցների համար: 1920թ. հոկտեմբերին, իջնելով Խուստուփի ժայռեղեն բարձունքներից, ապստամբները Կապանից դուրս քշեցին թուրք-մուսավաթական հրոսակներին, և դրա շնորհիվ է նաև, որ Սյունիքը այսօր Հայաստանի Հանրապետության կազմում է:
Խուստուփի գագաթին կանգնեցված է սպարապետ Գարեգին Նժդեհի կիսանդրին: Խուստուփի լանջին՝ Կոզնի կոչված աղբյուրի մոտ են ամփոփված զորավար Գարեգին Նժդեհի մասունքները:
Ավանդության համաձայն, երբ Խուստուփի գագաթին հսկայական խարույկ էր վառվում, նրա լույսը հասնում էր մինչև Արցախի ու Սյունիքի տարբեր շրջաններ՝ ազդարարելով, որ երկիրը վտանգի մեջ է, պետք է ոտքի կանգնել և պաշտպանել հայրենի երկրամասը:
Կապանում կան տեղանուններ, որոնք աղերսվում են Խուստուփ անվան հետ: Այսպես, օրինակ, Շիկահողում կա Խուստուփաձոր, որտեղով շիկահողցիները ճանապարհ էին ընկնում դեպի սրբազան քարանձավ ՝ սրբազան ջուր բերելու:
Խուստուփի լանջին է գտնվում մի խաչքար, որի անունից էլ լանջը ստացել է Խաչի խութ անունը: Այն տեղացիների համար ծառայել է որպես սրբատեղի: Հենց այս վայրում վաչագանցի Գառնիկ Աղավելյանի նախաձեռնությամբ 2001 թվականին կառուցվեց մի մատուռ, որը ունի 4 մ բարձրություն, 4 մ լայնություն, 3 մ երկարություն: Քարե մատուռն ունի 12 պատուհաններ, որոնք խորհրդանշում են Քրիստոսի 12 աշակերտներին: Առաստաղին Աստվածամոր և հրեշտակների որմնանկարներ է պատկերել հանրապետությունում հայտնի գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանը:
Խուստուփ լեռան զորության գաղափարը նույնիսկ մեր օրերում չի կորցրել իր իմաստը: Այսօր էլ պահպանվել են հեթանոսական որոշ սովորույթներ: Կապանցիները դժվարության պահին միշտ էլ ենթագիտակցորեն դիմում են Խուստուփ լեռան զորությանը, աղոթք անում՝ հայացքը Խուստուփին հառած, ինչպես Նժդեհն էր ժամանակին ասում. «Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ և սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»:
Լեռնազանգվածը գտնվում է Սյունիքի մարզում, Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք:
Առաջաձորի բնական ամրությունը՝ Աղջկա բերդը, և դրա հետ կապված ավանդապատումը
Առաջաձորի և, ընդհանրապես, Աճանանի պատմական հուշարձաններից առանձնանում է այն հսկայական բնական ամրությունը, որ բարձրանում է բնակավայրից հարավ-արևելք ընկած լեռնաշղթայի վրա, որի բնական և հետագայում ձեռակերտ ամրությունների ծայրը հասնում է ներկայիս Շղարշիկ գյուղից վեր: Այն հայտնի է Աղջկա բերդ անունով: Իրականում սա մի ամբողջ համալիր է, որը հսկում է Կապանի տարածքը Ողջիի և Աճանանի կողմերից: Առաջաձորցիներն ասում են, որ այն եղել է իրենց սղնախը (ամրություն) և ապաստարանը՝ թշնամիների ասպատակությունների ժամանակ: Բերդն ունի մեկ մուտք, մեկ ելք, և յուրաքանչյուրի մոտ կա մեկական աշտարակ, իսկ արևմուտքում ձգվում է երկար պարիսպը: Ամրոցում նույնիսկ կա փողոց, որի երկու կողմերում կառուցված են տներ: Տներից ոչ հեռու կա աղբյուր, իսկ բարձր ժայռի վրա՝ պահակակետ: Առաջաձորցիները հիշում են նույնիսկ, թե թշնամու հարձակումների ժամանակ, երբ պաշարումը երկար էր տևում, որ տոհմը բերդի որ հատվածն էր զբաղեցնում:
Ամրոցին կից սրածայր և անառիկ ժայռի վրա տեղավորում էին աղջիկներին և երեխաներին: Ժայռի հիմքում 5-6 մ բարձրությամբ պատ է շարված՝ ժայռի մի լանջից մյուսն անցնելու համար: Ժայռի գագաթը տեղափոխվելու համար կար այսպես կոչված Մազի կամուրջ, որով տեղափոխում էին երեխաների ու կանանց, սնունդ ու պարեն:
Այս ամրությունների մոտով էր անցնում հեռուներից եկող ճանապարհը դեպի Տաթև: Առաջաձորի կողմի ամրությունները հայտնի են իրենց քարանձավներով, փորված այրերով, պարիսպներով: Ավանդազրույցը պատմում է, որ երբ թշնամին հարձակվում էր, բնակչությունը իր հետ վերցնում էր ունեցվածքը, ցորենի և ալյուրի պաշարները և բարձրանում ու ամրանում էր անառիկ ամրոցում: Ասում են նաև, որ թշնամին երբեք չի կարողացել ծնկի բերել առաջաձորցիներին ու շրջակա գյուղերի բնակիչներին: Նրանց բազմաթիվ գրոհները ամրոցի վրա ավարտվել են պարտությամբ, քանի որ բերդի պաշտպանները նրանց գլխներին են թափել քարի բեկորներ, նետահարել են ու հեռացրել այդ վայրերից:
Եվ ահա հարձակումներից մեկի ժամանակ թշնամին որոշում է սովահար անել բերդի պաշտպաններին, բնակիչներին ու անորոշ ժամանակով շրջափակում է բերդը: Պաշտպանները ջրի կարիք չեն ունենում, քանի որ քարանձավներում և տարածքում ունենում են ստորերկրյա ջրեր: Բայց ահա սպառվում է հացը: Կարծես թշնամին գիտակցում էր դա. ավելի էր ահագնացնում շրջափակումը և սպասում, որ ուր որ է բերդի պաշտպանները սովի պատճառով վայր կդնեն զենքը:
Այդ ժամանակ պաշտպանության ղեկավարի հրամանով հավաքվում է մեծ քանակությամբ մոխիր, ապա թշնամու համար տեսանելի ժամին՝ վաղ առավոտյան, սկսում են ժայռերի վրայի բարձունքում մաղերով մաղել մոխիրը և լցնել պարկերը: Հեռվից տեսարանը դիտող թշնամին կարծում է, թե պաշարվածները ունեն հացի և սննդամթերքի հսկայական պաշար, ուստի թողնում է պաշարումը ու հեռանում:
Նույնիսկ կարծիք կա, որ փնտրվող Բաղաբերդը կարող է լինել հենց Առաջաձորի գլխին բարձրացող բերդ-ամրոցը:
Մարզկենտրոնցի գտնվում է 20 կմ հեռավորության վրա:
Բաղակի Քար
Բաղակի Քար կամ Բաղակաքար բերդը Սյունիքի նշանավոր բերդերից մեկն է և շատ է հիշատակվում պատմագիրների կողմից: Ոմանք նույնիսկ Բաղակի Քարը նույնացնում են Բաղաբերդի հետ, ինչը ճիշտ չէ: Դրանք տարբեր պաշտպանական կառույցներ են, որոնք գտնվում են միմյանցից 700-800 մետր հեռավորության վրա՝ Ողջի գետի հակադիր ափերի բարձր ժայռերի գլուխներին: Սկսած 4-րդ դարից բերդը հիշատակվում է միջնադարյան պատմիչների կողմից: Ըստ էության՝ Բաղակի Քար բերդը համարվել է Բաղաբերդ ամրոցի անառիկ դուռը, առանց որի գրավման հնարավոր չէր մոտենալ մայր ամրոցին: Ավանդությունը պատմում է, որ Բաղաբերդը և Բաղակի Քարը կապված են եղել շղթայով, որով փորի վրայով սողալով՝ հաղորդակցություն է ապահովվել երկու ափեր միջև: Դա այն նշանավոր մազե ճոպանն էր, որ դարերի ընթացքում պահպանվել է սերունդների հիշողության մեջ: Պատմությունից իմանում ենք, որ բերդը բազմիցս ենթարկվել է թշնամիների հարձակումներին, սակայն հերոսաբար դիմադրել է՝ ապահովելով դեպի Բաղաբերդ ամրոց տանող ճանապարհը: Բերդում կար նաև համանուն վանք, ուր կային մեծաթիվ գանձեր ու ձեռագիր մատյաններ: Ավանդությունը պատմում է, որ այդ վանքի բակում է թաղվել մի նշանավոր ռազմիկ, ով ոչ թե տղամարդ, այլ մի երիտասարդ աղջիկ է եղել: Նա նշանավոր նետաձիգ է եղել և գլխավորել է նշանավոր բերդերից մեկի՝ Աղջկաբերդի պաշտպանությունը: Սյունիքի պատմիչները վկայում են, որ թշնամին Բաղակի Քար բերդը գրավել է 1126թ., որից հետո էլ ավարի է մատնել հարստությունը, իսկ ձեռագիր մատյանները ոչնչացրել:
Մարզկենտրոնից գտնվում է 5 կմ հեռավորության վրա:
Խաչին աղբյուր
Խոտանան բնակավայրից վեր՝ մոտ 7 կմ հեռավորության վրա՝ Բարգուշատի լեռնաշղթայի ստորոտում, տարածվում է Շռանի ծօ̈ր (ձոր) կոչվող տարածքը: Լեգենդը պատմում է, որ ժամանակին այստեղով խոշոր գետ էր հոսում, որը հետագայում անցել է հողի տակ: Դա է վկայում նաև տարածքի անվանումը: Ականատեսների վկայությամբ՝ հիմա էլ տարածքում վարար ջրի ձայն է լսվում: Այստեղ է գտնվում խոտանանցիների համար հայտնի Խաչին աղբյուրը, որի ակունքը իրականում գտնվում է բարձր ժայռի վրա, որից ջուր է բխում: Անցքն ունի 1,5 մ լայնություն և 1 մ բարձրություն, որին հասնելու համար պետք է մագլցել ժայռն ի վեր: Ներսում այցելուին դիմավորում են արդեն երկու նեղ անցքեր, որոնց հասնելու համար պետք է ծնկած գնալ: Անցքերից մեկը գնալով աստիճանաբար ընդարձակվում է, և մարդու առաջ բացվում է լճակով տեսարան: Մուտքից 7 մ խորության վրա առաստաղում երդիկանման անցք է բացվում, որից ներս են թափանցում արևի շողերը, և մի հեքիաթային միջավայր է ստեղծվում, որը օրվա տարբեր ժամերին փոխում է տեսքը: Ներսում հանքային ջրի շիթերից ստալակտիդներ են ձևավորվել:
Տարածքը 1980-ականներին իր ուշադրությանն է արժանացրել քարանձավագետ Էդուարդ Սարգսյանը, որը 1989 թվականին մի քանի անգամ այցելություններից հետո հայտնաբերել է, որ այստեղ է գտնվում իր տեսակով Հայաստանում հազվագյուտ սիֆոնային քարանձավ: Սիֆոնները առաջանում են մշտական ջրի հոսք ունեցող քարանձավներում, ուր հատակը փոս ընկած է, իսկ առաստաղը կախվում է ջրի կաթոցներից գոյացած լճակի վրա:
Հայաստանում քարանձավներ, հատկապես կարստային, շատ կան, բայց Խաչին աղբյուրի տակ գտնվող սիֆոնային քարանձավը իսկական հայտնություն էր երկրի համար: Սա եղավ Հայաստանում հայտնաբերված առաջին սիֆոնային քարանձավը:
Քարանձավագետների համար սիֆոնային քարանձավներ գտնելու միտքը ծնվել էր դեռևս Սատանի կամրջի տակ ձևավորված քարանձավն ուսումնասիրելիս, որը գտնվում է, կարելի է ասել, աշխարհագրական մի գծի վրա: Հետագա ուսումնասիրությունները պարզեցին, որ Տաթև-Խոտանան գծի արանքում գտնվող Տանձավերը հարուստ քարանձավային համալիր ունի, նույնիսկ գյուղի մոտակայքում գտնվում են ձագարանման քարային անցքեր, վիհեր, որոնց տակ են գտնվում կարստային քարանձավները: Սրանցից մեկը ունի 10 մ տրամագիծ և 3 մ խորություն: Գյուղացիները անցքը փակել են քարերով, որպեսզի անասուն չընկնի մեջը: Վերևից պարզ լսվում է վարար գետի ձայնը: Քիչ հեռվում գտնվում է Սառցատներ կոչվող տեղանքը:
Էդվարդ Սարգսյանը իր արշավախմբի աշխատանքների ու հայտնագործությունների մասին պատմում է 1989 թվականին հրատարակված «Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները» գրքում: Թե ինչպես հայտնաբերեցին Խաչին աղբյուրի սիֆոնային քարանձավը, քարանձավագետը նշում է, որ առաջին սրահը մտնելուց հետո նրանք հանդիպեցին լճակի, իսկ վերևի մասում երկու անցք կար, որոնցից մեկից ջուր էր թափվում լճակի մեջ: Էդվարդը անցքով լապտերը գցում է ջրի մեջ, և լույսը թափանցում է հեռուն: Այդ ժամանակ նա հասկանում է, որ իր դիմաց բացվում է սիֆոնը (ջրով լի լճակ): Արշավախմբի անդամները մեծ դժվարությամբ են հաղթահարում առաջին, հետո նաև երկրորդ սիֆոնները, սակայն ներսում տիրող ահավոր ցուրտը և ջրի ուժեղ հոսքը թույլ չեն տալիս նրանց ավելի առաջ շարժվելու:
Սիֆոնների հատակները ծածկված են մանր լճակներով, որոնք իրարից բաժանված են պատնեշներով: Հավանաբար ջրերի վարարման ժամանակ լճակները միանում են իրար և վերածվում մի ընդհանուր լճակի: Առաջին սրահի լիճը սիֆոնին միացնող նեղ անցքով ահռելի ուժով դուրս է ժայթքում մի ջրվեժ, որը հաղթահարելու համար պետք է լողալ ջրի միջով: Նրանք այդ ջրվեժին տվեցին Ոռնացող ջրվեժ անվանումը, որի շառաչյունից խլանում է ամեն տեսակ ձայն: Քարանձավագետը իր հուշերում պատմում է, թե ինչպես իրենցից մեկը փորձեց ջրվեժի միջով սուզվել և անցնել առաջին սիֆոնը, բայց ջրի ուժը նրան հետ մղեց: Այդժամ նրանք փայտի միջոցով փորձեցին չափել հատակը: Պարզվեց, որ սիֆոնի հատակը մեկ մետր է:
Սիֆոն մտնելու ամենահարմար ժամանակը աշունն է, երբ ջրերը սակավանում են: Այնտեղով, որտեղով դուրս է ժայթքում Ոռնացող ջրվեժը, աշնանը մի բարակ ջուր է ծլլում: Քարանձավագետները սիֆոնի հատակին հայտնաբերեցին քարանձավաբնակ մարդու կողմից պատրաստված ուլունք, կավե խեցու կտորներ: Տարածքը, հավանաբար, մեր նախնիների համար եղել է սրբավայր, և նրանք նվերներ են գցել ջրի մեջ: Ջրի մեջ մանրադրամ կամ այլ առարկաներ գցելու սովորույթը այսօր էլ տարածված է մարդկության մեջ, որի ակունքները գալիս են հնուց: Այսօր էլ Հայաստանի տարբեր վայրերում, որտեղ կան սրբազան ավազաններ, փոսեր, խորխորատներ, կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ երազանք պահում ու մի ինչ-որ իր նետում դրանց մեջ: Այս սովորույթը կապվում է հեթանոսական շրջանում տարածված զոհաբերության հետ, երբ մարդիկ տարբեր աստվածների համար զոհեր էին մատուցում: Այստեղ տեղին է հիշել մի գեղեցիկ պատմություն հին շրջանից. «Վանա լճի հետ է կապված Շամիրամի հետևյալ ավանդությունը։ Ըստ ավանդության, Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամը, երբ զբոսանքի է դուրս գալիս ծովափ, տեսնում է մի խումբ երեխաների, որոնք մի ուլունք էին գտել ավազների միջից։ Շամիրամը վերցնում է ուլունքը երեխաների ձեռքից, որը ունենում է կախարդական ուժ։ Շամիրամը այդ ուլունքով հմայում էր ցանկացածին։ Շամիրամի կյանքը անցնում է վայելքների մեջ։ Եվ այն ժամանակ, երբ Շամիրամի ուշքն ու միտքը վայելքների հետ էր, Զրադաշտ մոգը կամենում է իշխանությանը տիրանալ։ Շամիրամը գնում է նրա դեմ կռվելու։ Պատերազմում պարտվում է Շամիրամը և ոտքով փախչում Հայաստան։ Ճանապարհին կանգ չի առնում, իսկ թշնամի զինվորները հալածում էին նրան։ Երբ հասնում են Շամիրամին, խլում են ուլունքը և շպրտում, որ գցեն Վանա լճի մեջ։ Շամիրամը ուժասպառ, հուսահատությունից արձակում է իր մազերը, ոլորում պարսատիկի պես և մեջը մի ապառաժ դնում ու պտտեցնում, որ արձակի փախչողների հետևից։ Եվ բարկությունից պտտեցնում է այնպիսի ուժով, որ մազերը պոկվում են, ապառաժն էլ թռչում ընկնում է շատ հեռու: Իսկ Շամիրամը տեղն ու տեղը քար է կտրում։ Զինվորներին հաջողվում է ուլունքը գցել Վանա ծովը՝ «ուլունք Շամիրամայ ի ծով»։
«Ուլունք Շամիրամայ ի ծով» արտահայտությունը գործածում են նաև փոխաբերական իմաստով։ Երբ բացահայտում են որևէ մեկի խորամանկությունը, որը նպատակին չի ծառայել, ասում են «ուլունք Շամիրամայ ի ծով», այսինքն՝ Շամիրամի ուլունքը ծովն ընկավ։ Ուզում են ասել, որ հնարները զուր անցան, ջուրն ընկան» :
Երկու սիֆոնները հայնաբերելուց հետո արշավախմբի անդամները եկան եզրակացության, որ տարածքը ունի միջանցիկ ելքեր: Բացի այդ՝ նրանք հայտնաբերեցին, որ քարանձավի տակով ստորգետնյա մեծ գետ է հոսում, որի մասին խոտանանցիները երևի չեն էլ պատկերացնում:
Ինչպես վերը նշվեց, տարածքում առկա է նաև Սառցատուն (քարանձավ, որ ավելի շատ նման է սառցե պալատի և ունի ուղղահայաց պատեր), որը ավելի շատ մոտ է Տանձավերի տարածքին, և այնտեղից ամռան տապին կարելի է սառցաբեկորներ հանել: Այն ունի 25 մ ընդհանուր խորություն:
Քարանձավագետները Սառցատունը ուսումնասիրելիս հայտնաբերեցին մարդկությանը դեռևս անհայտ բուսականություն և աշխարհում իր տեսակով հազվագյուտ սպիտակ ճիճուներ, որոնց անվանում են նաև ստորերկրյա ձկներ: Դրանք ունեն մինչև 15 սմ երկարություն: Ուղղահայաց հորի միջով ցած իջնելուց հետո պարզվեց, որ ներքևում ստորերկրյա գետ է հոսում, և էլի սիֆոն կա:
Ամփոփելով այս ամենը՝ կարելի է նաև եզրակացնել, որ Խաչաղբյուրը հնում տեղաբնիկների համար ծառայել է որպես սրբատեղի և կապված է եղել ջրի պաշտամունքի հետ:
Խոտանան բնակավայրը մարզկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա:
Կոմբախ
Բեխի Ճգնավորի քարից վեր ձգվում է Կոմբախի հսկայական լեռնազանգվածը: Այդ հսկա ժայռերից թափվում են ջրեր և հոսում ձորերը: Կոմբախը նաև պատմական վայր է:
Պատմում են, որ 1918-1919թթ. Կապանին մոտ գտնվող Շհարջիկ, Աչաղու գյուղերի թուրք բնակիչները հարձակվում էին Բեխի վրա, բազմապիսի վնասներ հասցնում հայ բնակիչներին, նույնիսկ գերի վերցնում ու պատանդ պահում:
Հայ բնակիչների հետ այսպես էին վարվում նաև Գեղվաձորի որոշ գյուղերի թուրքերը: Սրանք նույնիսկ գաղթականներին էին կոտորել: Հայ գյուղացիները այս մասին պատմում են Գարեգին Նժդեհին և օգնություն խնդրում: Նժդեհը կազմակերպում է գրոհ թուրքական գյուղերի վրա: Թուրքերը չդիմանալով ամրանում են Աղջկա բերդի (Շղարշիկ գյուղից վեր) բարձունքներում: Հարկավոր էր ռմբակոծել այդ բարձունքները և որոշ ամրացված գյուղեր: Կռաթաղի (Գիրաթաղ) և Գեղվա ձորերի բարձունքներին հասնելու համար պետք էր թնդանոթը ավելի բարձր տեղ դնել: Անգլիական դիմացկուն ջորին անգամ չէր կարողանում պահել ծանր բեռան հավասարակշռությունը զառիվայր լանջերի վրա: Եվ ահա օգնության են գալիս բեխցի երիտասարդ զինվորները, որոնք շալակած տանում են թնդանոթի մասերը դեպի իրենց ծանոթ լեռան բարձունքը: Նրանք թնդանոթը հասցնում են Խուստուփի բարձրությանը գրեթե հավասար Կոմբախի գագաթը, որտեղից մեծ հորիզոն է բացվում դեպի Գեղվա ձորի և Կռաթաղի սարերը: Թնդանոթի հետ Կոմբախի կատարն են բարձրանում Նժդեհը և հրետանավորները: Թնդանոթի դիպուկ կրակոցները վերջ են տալիս թուրք ավազակներին: Գեղվաձորը և շրջական բնակավայրերը ազատվում են թուրք թալանչիներից:
Մարզկենտրոնից գտնվում է 3 կմ հեռավորության վրա:
Հարսնաձոր
Աղվանի բնակավայրի տեսարժան վայրերից է Հարսնաձորը, որը համարվում է տեղաբնիկների հանգստյան գոտիներից մեկը: Հարսնաձորի հետ կապված կա մի հետաքրքիր զրույց-հիշողություն: Շատ հաճախ տեղի գյուղերի հայ բնակչության հարևան օտարները հարձակվել են հայկական բնակավայրերի վրա հատկապես որոշ ազգային տոների ընթացքում ու միջոցառումների օրերին՝ մտածելով, որ այդ ժամանակ հայերը անպաշտպան են ու անպատրաստ են դիմագրավելու հարձակմանը: Ըստ ավանդության՝ հայկական հարսանիք է լինում, ու հարձակվող թուրքերը ուզում էին գերեվարել հարսին: Բայց հարսը, նախընտրելով մահը, ցատկում է ժայռից: Սակայն Աստծու կամքով հրաշք է տեղի ունենում. օդը, լցվելով հարսանեկան զգեստի մեջ, հարսին փափուկ ու անվնաս հասցնում է գետնին: Այդ դեպքից հետո տեղանքը կոչվում է Հարսնաձոր:
Աղվանին ծառերի ու ալպիական մարգագետինների մեջ է ընդգրկված ու շատ հարմար է վրանային հանգստի համար:
Այս տեսարժան վայրը գտնվում է Աղվանի բնակավայրում, մարզկենտրոնից՝ 37կմ հեռավորության վրա:
Հարսնաքար
Ինչպես Կապանի շատ բնակավայրեր, այնպես էլ Ձորաստանը կառուցվել է անտառից ազատված տարածքում՝ անտառին մոտ: Վտանգի ժամին խիտ անտառը թաքցրել, փրկել է գյուղի բնակիչներին: Բնակավայրը բոլորած սարերն ունեն անուններ՝ Թամքասար, Ծակ քար, Հարաքար, Ճանջաքար, Հարսնաքար: Սրանք ընդհանուր մի պատկեր են ստեղծում իրենց գագաթներով, որ կարծես շուրջպար բռնած լինեն: Գյուղում ասում են, որ անհիշելի ժամանակներում այս լեռներում հարսանիք են արել հսկաները և, չգիտես ինչու, արարչի կամքով քարացել և հավերժացել են հենց շուրջպար բռնած: Սակայն Հարսնաքարի հետ կապված սերունդները պահպանել են մեկ ուրիշ հետաքրքիր և հուզիչ պատմություն:
Ասում են, որ լեռների գրկում՝ գյուղից վեր, անհիշելի ժամանակներում հայաբնակ մի ավան է եղել: Այդ բնակավայրի անվանի ընտանիքներից մեկում մի ամոթխած ու գեղանի նորահարս էր ապրում: Հայ ավանդական օջախներում երբ աղջիկը հարս էր դառնում, այսինքն՝ ամուսնանում էր, իրավունք չուներ օտարի աչքին գլխաբաց ման գալու: Այդ նորահարսը մի օր գլխաբաց լվացք անելիս է լինում, և հանկարծ տան դուռը բացվում և կնքահայրն ներս է մտնում: Նորահարսը ամոթից ճչում է և գլուխը ծածկելու համար լվացքի տաշտն է դնում բաց գլխին ու այդպես ամոթխած, արձան կտրած՝ աղերսում է արարչին.
-Տե՛ր Աստված,-ասում է,-կամ ինձ քա՛ր շինիր կամ էլ անցկացրո՛ւ հողի տակ:
Աստված նրա ձայնը լսում է, խղճում պարկեշտ նորահարսին ու դարձնում քար արձան: Եվ հիմա էլ սարի լանջին կա արձանը՝ «տաշտը գլխին», և կոչվում է Հարսնաքար:
Այն գտնվում է Ձորաստան բնակավայրում, Կապան քաղաքից՝ 22 կմ հեռավորության վրա:
Հարսնաքար-Անտառաշատ
Հարսնաքարը Անտառաշատի գեղեցիկ վայրերից է: Անտառաշատցիները հետաքրքիր ավանդազրույց ունեն այդ տեղանքի մասին: Պատմում են, որ հայկական գյուղերը շատ հաճախ էին ենթարկվում թյուրք ավազակների հարձակումներին: Դրանց մասին պատմությունները բազմաթիվ են, բայց այս մեկը հետաքրքիր և շատ տխուր է: Ըստ գյուղի բնակիչների՝ մի անգամ գյուղում հարսանիք է լինում: Փեսան հարևան գյուղից է լինում: Մի քանի օր հարսի տանը ուրախություն անելուց հետո ցանկանում են, որ հարսին դհոլ-զուռնայով տանեն իրենց գյուղ: Երեկոյան հարսանքավորները ջահերով, երգով ու պարով դուրս են գալիս հարսի գյուղից, որպեսզի առավոտյան հասնեն փեսայի տունը: Ճանապարհին թյուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ հայերը զինված չեն, հարձակվում են նրանց վրա: Փախուստի ելք չունենալով՝ հարսը և նրան ուղեկցողները քարանում են ՝ թշնամուց չգերեվարվելու համար: Հիրավի, Հարսնաքարին անձամբ նայողին կարող է թվալ, թե շարք են կանգնել մարդիկ ու գնում են իրենց ճանապարհով:
Մարզկենտրոնից գտնվում է 24 կմ հեռավորության վրա:
Հացին աղբյուր
Խուստուփի լանջին՝ Վաչագանից 3 կմ հեռավորության վրա, մի գեղեցիկ բացատ կա, որին տեղացիները անվանել են Քօ̈լո̈ւ: Այստեղ մի քաղցրահամ, սառնորակ աղբյուր կա, որը կոչվում է Հացին աղբյուր:
Ըստ ավանդապատումի՝ դարեր առաջ իշխաններից փախած մի անապատական-ճգնավոր հաստատվում է այստեղ և 12 տարի ապրում է մի տրցակ լավաշով և աղբյուրի ջրով: Նա լավաշը ցողում էր ջրով և ուտում: Ավանդությունը ասում է, որ նա է մարդկանց հայտնել, որ տարին միայն մեկ օր՝ հուլիսի 8-ին, աղբյուրի ջուրը դառնում է բուժիչ: Խմողները բուժվում են տարատեսակ հիվանդություններից:
Ստամոքսի հիվանդություններ, մշտական գլխացավեր ունեցող մարդիկ ամեն տարվա այդ օրը՝ առավոտ կանուխ, ոտքով գալիս են բացատ, լավաշը թրջում Հացին աղբյուրի սառնորակ ջրի մեջ և ուտում: Միայն տարվա մեջ մի օր ջուրը դառնում է բուժիչ, եթե այն ցողես լավաշի վրա: Ասում են, որ ջուրը կենարար է դառնում միայն հացի միջոցով: Այդ է պատճառը, որ աղբյուրը կոչվում է Հացին աղբյուր:
Շատերը պնդում են, որ իսկապես բուժվել են այդ ջրով:
Աղբյուրից քիչ հեռու կա 10-րդ դարի կիսավեր մի եկեղեցի, որը, ըստ պատմական վկայությունների, կապված է Բեխի Նապատի, Վահանավանքի հետ: Ժողովուրդը եկեղեցին հիշում է Սուրբ Հովսեփ անունով, բայց այն անվանում են նաև Սուրբ Աստվածածին: Եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա կա խաչքար, որին տեղացիները անվանում են Յէկէղեցու ծօ̈րի Քօ̈լվա խաչ:
Ժամանակին «Ձորի Միրոն» կինոնկարի մի հատված նկարահանել են Քօ̈լո̈ւ կոչվող բացատում և նկարահանման ժամանակ օգտագործել են գյուղացիների լուծն ու ալաթը` արորը, որոնք հետագայում պահվում էին Քօ̈լո̈ւ տարածքի եկեղեցում: Ձիավորներից մեկն էլ ոմն վաչագանցի Դավիթն էր, որի ձի վարելու շնորհը շատ էր հավանել Սոս Սարգսյանը: Պատմում են նաև, որ դարեր առաջ հենց այդ բացատում տեղի է ունեցել ճակատամարտ թուրքերի և հայերի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով:
Մարզկենտրոնից գտնվում է 8 կմ հեռավորության վրա:
Մանգի չխուր
Շրվենանց գյուղի վերևում մի գեղեցիկ վայր կա, որին անհիշելի ժամանակներից ժողովուրդը տվել է Մանգի չխուր (այսինքն՝ Մանգի փոս, ձորակ) անվանումը: Թե ինչո՞ւ է կոչվում Մանգի, ոչ ոք հստակ ասել չի կարող, պարզապես անունը սերնդեսերունդ հասել է մեզ: Ոմանք պատմում են, որ շատ հնում Մանգի (Մանգասար) անունով մեկը փորձել է այգի հիմնել և այդ նպատակով տարբեր հատվածներում փոսեր է փորել, որպեսզի գետնի տակից ջուր հանի: Այդպես դուրս է ժայթքել դեղնավուն ջուր, որը, սակայն պիտանի չի եղել ոռոգման համար: Հետագայում տարածքը հայտնի է դարձել հանքային այդ բուժիչ աղբյուրով, որի ջուրը հարուստ է երկաթով, նատրիումով, կալցիումով և հիդրոկարբոնատային բաղադրությամբ: Տեղացիները անվանում են նաև Թթու ջուր: Նույնիսկ ամռան տապին աղբյուրի ջուրը պահպանում է իր բնական սառնությունը, իսկ ձմռանը չի սառչում: Տեղացիների մոտ կարծիք կա, որ Թթու ջուրը կապ ունի հարևան Վերին Խոտանան գյուղի ստորգետնյա ջրերի հետ:
Աղբյուրը գտնվում է փոսորակի մեջ և շրջապատված է խիտ անտառով: Աղբյուրի շրջակայքը ամբողջությամբ նարնջագույն տեսք է ստացել, որովհետև դարերով այստեղ թափվող ջուրը հողը հարստացրել է երկաթով և ծծումբով:
Տեղացիները հիշում են գյուղը երեսուն տարի ղեկավարած Արամ պապին (Արամ Օհանյան), ով սիրում էր կրկնել՝ ով խմի թթու ջրից, նախագահ կդառնա: Վերջին գյուղապետ Արմինե Մանուկյանը ծիծաղով հիշում է, որ 18 տարվա հարս է և երբեք այդ ջրից չի խմել: 18 տարի անց որոշել է փորձել ջրից և այդ տարին էլ ընտրվում է գյուղապետ:
Աղբյուրից ոչ հեռու բաց ու հարթ տարածություն է ձգվում, որտեղ մի մենավոր ընկուզենի կա: Տեղացիներն ու դրսից եկած հյուրերը հաճախ են գնում ընկուզենու մոտ՝ նրա շվաքի տակ հանգստանալու:
Այն գտնվում է Շրվենանց բնակավայրում, մարզկենտրոնից՝ 20 կմ հեռավորության վրա:
Մարգարա ամուն Քարը
Բեխի բնական հուշարձաններից է Մարգարա ամուն Քարը: Անդնդախոր ձորերի և հսկա ժայռերի միջից դեպի վեր էր բարձրանում մի բարձր կղզիացած ժայռ, որ ստացել էր հայտնի որսորդ Մարգարի անունը: Մարգարը զոհ է գնացել իր արկածախնդրությանը՝ որպես հիշատակ սերունդերին թողնելով իր անունը և համարձակ արարքը:
Այս ժայռեղեն բարձունքներում բնակվում էին այծյամները. դա ամենից ապահով տեղն էր, քանի որ ոչ մեկը չէր կարողանում հասնել այնտեղ: Միայն որսորդներն էին երբեմն-երբեմն փորձում հասնել բարձունքին, բայց վտանգի պահին այծյամները արագ մագլցում էին ժայռն ի վեր և, կարծես օդից կախվելով, լարախաղացների նման անհետանում էին խորունկ քարայրներում և այնտեղից զարմանքով նայում: Բացի այդ, մինչև օրս տեղեկություններ են պահպանվել, որ բարձունքի քարայրներում գանձեր կան, սակայն դրանք ոչ մեկին հասանելի չեն: Եվ մի օր էլ որսորդ Մարգարը որոշում է ելնել բարձունքը, հաղթահարել բնական ամրությունները, բարձրանալ անառիկ ժայռի վրա, խուզարկել քարանձավները: Բայց ոտքը սայթաքում է, վայր է ընկնում բարձրությունից և մահանում: Մարգարի դիակը գտնում են, տանում գյուղ և թաղում Բեխ թաղամասի հասարակաց գերեզմանատանը:
Մարգար ամուն անունը ընդմիշտ կապվում է հսկա ժայռի հետ:
Պառավաքար
Պառավաքարը իր անունը ստացել է գյուղացիների կողմից այդ լեռնազանգվածի վերևի հատվածը հայ ծեր կնոջ ավանդական գլխազարդին նմանեցնելու հետևանքով: Դեռևս մինչև 20-րդ դարի 60-70-ական թվականները հայ կանայք կրում էին մետաղադրամներով ու ուլունքներով հյուսված ավանդական գլխարկներ: Պառավաքարը գտնվում է ուղիղ Անտառաշատ գյուղի դիմաց: Պառավաքարի մասին մի զրույց կա, ըստ որի՝ մի բարի պառավ է լինում, նա գյուղում բոլորին օգնել է հաց թխել, երիտասարդ հարսներին խորհուրդներ է տվել, անօգնականներին ձեռք մեկնել, բայց կյանքը նրան դաժան ճակատագիր էր պարգևել: Պառավը զրկվել էր իր ընտանիքի տղամարդկանցից, որոնք զոհվել էին թշնամիների հետ կռվում: Չհամակերպվելով այդ դառը ճակատագրին և զգալով իր անպիտան լինելը, որոշում է ինքնասպան լինել: Բարձրանում է լեռնազանգվածի մի քարի վրա ու իրեն ցած նետում: Սակայն նրա տարազի ծալքերը այնքան շատ են լինում, որ ոչինչ էլ չի պատահում: Պառավը նայում է երկնքին ու բողոքում. «Աստվա՛ծ ջան, բա որ կյանք խնայելը գիտես, ի՞նչու տղաներիս չփրկեցիր»: Այդ օրվանից քարը կոչվում է Պառավաքար:
Տափասար
Տափասարը լեռնային հարթություն է՝ 2000 մետրից ավել բարձրության վրա, որը, ըստ ուսումնասիրությունների ու նաև ըստ տեղաբնիկների պատմությունների, քարերի վրա կրում է ծովային կենդանիների հետքեր: Համաձայն ավանդության՝ տեղում եղել է ծով, որը հետ է քաշվել՝ բացելով մեզ համար հրաշալի մի տեսարան՝ քարայրներով, ալպիական մարգագետիններով, էնդեմիկ բուսատեսակներով ու, որ ամենակարևորն է, քարերի վրա արտատպված ծովային կենդանիների հետքերով: Սարի վրա գտնվում է 17-րդ դարի մի անարվեստ խաչքար, որին հավանաբար ուխտի են գնացել տեղաբնակները, ու որի մոտ շարունակում են մոմ վառել սարերում իրենց հոտը արածեցնող հովիվները ու անտառաշատցիները:
Մարզկնտրոնից գտնվում է 24 կմ հեռավորության վրա:
Քոռ աղբյուր
Երկու բնակավայրերի՝ Ներքին և Վերին Խոտանանների միջակայքում է գտնվում Քյօ̈հնա (Կապանի բարբառով՝ հին) շեն կամ Մեչի շեն հին գյուղատեղին, ուր տեղ-տեղ հազիվ նշմարվում են բնակատեղիների ավերակներ, ջրատար խողովակներ:
Ասում են՝ դարեր առաջ այս հայաբնակ գյուղը՝ Խոտանանը, բազմիցս ենթարկվել է թուրք-պարսկական ասպատակությունների, բնակավայրը տեղահանվել և կրկին վերաբնակեցվել է:
Ժամանակի ընթացքում հանգամանքների բերումով բնակավայրը երկու մասի է բաժանվել, որի մասին փաստում է մի հետաքրքիր ավանդազրույց:
Քյօ̈հնա շենը գտնվում էր ճահճուտ, համարյա հողազուրկ տարածքում, որի մի կողմում եղեգնուտն էր, մյուս կողմում ՝ Մթեն ձորը: Բարեբեր, լավ վարելահողերը զավթել էին թուրք բեկերն ու պարսիկ խաները: Այս տարածքում մեծ ու գեղեցիկ այգի ուներ թուրք Շխալի բեկը: Նրա այգու ջրառատ առուն անցնում էր Քյօ̈հնա շենի կողքով: Գյուղի երեխաներն ամռան տապին սիրում էին խաղալ առվի եզրին: Մի օր էլ խաղով տարված՝ երեխաները չեն նկատում, որ առվի ջուրը թեքել էր ուղղությունը: Կատաղած թուրք այգեպանը, գալով-տեսնելով, որ երեխաներն են ջրի հետ խաղում, իսկույն լուրը հասցնում է թուրք բեկին: Շխալի բեկը հասնում է այստեղ: Բոլոր երեխաները վախից փախչում-թաքնվում են, միայն 9-10 տարեկան մի աղջնակ չի փախչում՝ մտածելով, որ բեկը իրենց տանը շատ է հաց կերել, և մայրը նրան քիրվա է ասում: Բայց այս հանգամանքը չի կանգնեցնում կատաղած բեկին: Նա աղջկա երկար ծամերը կապում է ձիու պոչից և քարշ տալիս: Աղջկա աղեկտուր ճիչերը չեն ազդում գազազած բեկի վրա: Երբ ճիչերը դադարում են, բեկը հետ է նայում և սարսափում՝ հանդիպելով անմեղ աղջկա քարացած հայացքին: Աղջիկը ավանդում է հոգին:
Այդ մասում մի սառնորակ աղբյուր է հոսում, որին ժողովուրդը հետագայում Քօռ անվանեց, որովհետև, ըստ պատումի, չտեսավ ու չլվաց թափված անմեղ արյունը, իսկ ձորը՝ Շխլվի ձոր: Գյուղացիները ըմբոստացան և բեկից պահանջեցին անմեղ աղջկա արյան գինը: Սարսափահար բեկը նրանց զիջեց իր ընդարձակ վարելահողերը՝ մինչև ներկայիս Ներքին Խոտանանի տարածքը:
Այդ օրվանից գյուղը բաժանվեց երկու մասի: Մինչ այժմ էլ պահպանվել են ազգակցական կապերը երկու գյուղերի միջև:
Դարից դար անցնող ավանդազրույցին որպես փաստ եկավ լրացնելու 1960-ականների մի դեպք: Կառավարության որոշմամբ՝ գյուղի առաջամասի խորդուբորդ, խոտհարքային դաշտավայրը դարձրին խնձորի այգի: Գյուղի մեխանիզատոր Փայլակի տրակտորի խոփը հողային աշխատանքների ժամանակ դեմ առավ մի կոշտ իրի: Որպես օգնական ուժ եկած գյուղացիները սկսեցին քլունգով փորել հողը՝ արգելքը վերացնելու համար: Շուտով նրանք հողից մի տապանաքար հանեցին՝ աղջկա որմնաքանդակով: Աղջիկը պատկերված էր շրջազգեստով, երկար հյուսերով, ձեռքերը կրծքին խաչած: Այն կանգնեցվեց գյուղի առաջամասում, որից քիչ ներքև Քօռ աղբյուրն է: Այսօր քարը կորցրել է իր նախնական տեսքը, քանդակը քամուց, անձրևից քայքայվել է ու մաշվել, բայց պահպանվել են ավանդազրույցն ու աղբյուրը:
Մարզկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա:
Ավանդազրույցը պատմում է, որ ոմն Վահան, ով Սյունյաց Ձագիկ իշխանի որդին էր, պատժվում է Աստծու կողմից և դիվահարվում: «Դիվահարված» բառը նախապաշարումներով պարուրված միջնադարում նշանակում էր «մարդ, ում հոգում և մարմնում բույն էին դնում դևերը կամ չարքերը», որոնք այդ մարդուն երբեմն նաև այս կամ այն կենդանու կերպարանք էին տալիս: Եվ ահա պատմում են, որ Աստված գթասիրտ է լինում Վահանի հանդեպ և տեսիլքով հայտնում նրան, որ կփրկվի ապաշխարելով, և Տիրոջ կողմից թողություն կստանա միայն Աստծու տաճար կառուցելով: Այդ տեսիլքից հետո Վահանը կրոնավոր է դառնում և շատ ու խիստ ճգնություններից հետո գալիս է այն բարձր լեռան ստորոտը, որի վրա էր Բաղաբերդի ամրոցը: Աճանանի դիմաց գտնում է մի բարձր ու հարթ տեղ և աղոթքներով Աստծուց խնդրում է հաջողեցնել իր գործը: Հրավիրում կրոնակից վանականներին, և սկսում են եկեղեցու շինարարությունը: Եկեղեցին շատ գեղեցիկ մի շինություն էր՝ գմբեթահարկ, եռախորան: Եկեղեցին կրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը: Այն կառուցվում է այնտեղ, որտեղ վերջանում էր միջնադարյան Կապան քաղաքը: Շրջակա անտառներն ու մարգագետինները, ինչպես նաև դիմացի Աչաղու և Շեկք գյուղերը տրամադրվում են եկեղեցուն: Հետագա տարիներին միաբանների ջանքերով կառուցվում են ուրիշ եկեղեցիներ և շինություններ: Վահանն իր անունով վանքը կոչում է Վահանավանք, որը հետագայում ճոխանում և դառնում է բազմամարդ մի բնակավայր: Վանքին կից կար դպրոց, արհեստանոցներ, ձուլարան: Այն ժամանակին դառնում է Սյունիքի կամ Կապանի թագավորության հոգևոր կենտրոնը՝ փոխարինելով Տանձափարախի նշանավոր վանքին, մասամբ նաև Տաթևի վանքին: Վահանավանքի կառուցումը տեղի է ունեցել 911 թվականին:
Վահանից հետո վանահայր է դառնում նրա եղբոր որդին՝ Վահան անունով, ով բարեկարգում է վանքը և ավելացնում բազմաթիվ շինություններ: Նա կառուցում է նաև մեծ աղոթատուն, որտեղ թաղված են Աղվանքի և Սյունիքի շատ թագավորներ ու թագուհիներ, Սյունիքի բազմաթիվ նշանավոր իշխաններ: Կառուցում է եկեղեցու գավիթը՝ վրան երկու խորան՝ Պողոս և Պետրոս առաքյալների անունով: 1086թ. Շահանդուխտ թագուհին և իր քույր Կատան կառուցում են Սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցին: Ըստ ավանդության՝ այդ եկեղեցում աղոթելով և ապաշխարելով անզավակ զույգերը Աստծուց օրհնություն են ստանում և զավակ ունենում:
Պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ բացի Սուրբ Գրիգոր լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիներից վանական համալիրն ունեցել է ևս երեք եկեղեցիներ՝ Սուրբ Սիոն, Սուրբ Հարություն և Սուրբ Նախավկա:
Վահանավանքի վերջին եպիսկոպոսը Հովհաննես Կապանցին էր, ով 13-րդ դարի սկզբին թշնամիների կողմից Սյունյաց միջնաշխարհի ավերման պատճառով հեռանում է Վայոց ձոր, ուր և կառուցում է Սյունիքի մյուս հռչակավոր վանական համալիրը՝ Նորավանքը:
Կապանի տարածաշրջանի հուշարձանների թվում իրենց նշանակությամբ և ճարտարապետական լուծումներով աչքի են ընկնում նաև հինավուրց կամուրջները: Բնակավայրերում տարեց մարդիկ պատմում են Բաղաբերդից Տաթև բանուկ ճանապարհի մասին: Այսօր էլ այդ ճանապարհի վրա պահպանվել են իջևանատների և կամուրջների հետքեր և, ըստ էության, այդ ճանապարհը միջնադարում հայտնի Մետաքսի մեծ ճանապարհի ճյուղավորումներից մեկի հատվածն է կազմել, որը միջնադարյան Գանձակը կապել է վաճառաշահ Ջուղայի (ներկայիս Ջուլֆան) հետ:
Դեռևս 18-րդ սկզբին Աճանան գետի վրա կառուցվել է մի կամուրջ, որը գտնվում է Վանեք բնակավայրի մերձակայքում՝ 11-րդ դարում կառուցված ավերակի կամրջի արևելյան կողմում: Այն ունի է տեղական բազալտից կարմրավուն և կապտավուն 110 սրբատաշ քարեր: Կամրջի երթևեկելի մասը սալահատակված է գետաքարերով: Արևելյան կողմի մեջ պահպանվել է պարսկերեն արձանագրություն: Տարեց մարդիկ վկայում են, որ նույնպիսի մի արձանագրություն էլ կար կամրջի հարավային կողմում: Հստակ երևում է տեղադրման որմնախորշը: Այն հավանաբար ընկել և թաղվել է գետի տիղմի մեջ: Պահպանված արձանագրությունը ընթեռնելի է: Այն մեջբերվում է պարսկերեն մի հայտնի բանաստեղծությունից, որտեղ ասվում է.
«Կապրի այս չափն ու կարգը շատ տարիներ դեռ երկար,
Թեկուզ մարմինս անկենդան լինի, հողին հավասար»:
Ավանդազրույցներում կամուրջն անվանել են Թագավորի, Խանի, Աճանանի կաթողիկոսի, Կոլխոզի: Սակայն ուշադրության է արժանի կամրջի յուրահատուկ և հազվադեպ անվանումը՝ Կաթողիկոսի կամուրջ: Կամրջի շինարարության թվականը համընկնում է պարսկական շահի հովանավորությամբ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս դարձած սուրբ Մովսես Խոտանանցու գահակալման թվականին:
Մարզկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա:
Տանձավեր բնակավայրի մոտ՝ Մաճից ոչ հեռու է գտնվում Վահրամաբերդը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, Անդովկ կամ Անդոկ իշխանի բերդը: Համաձայն ավանդության՝ այդ բերդում թաղված են Անդոկ իշխանի անբավ հարստությունները, որ նա թալանել ու բերել է Պարսից թագավոր Շապուհի Տիզբոն մայրաքաղաքից: Մեր ժողովրդի մեջ այս զրույցը շատ տարածված է: Պատմում են, որ Սյունյաց Անդոկ նահապետը հաճախ էր լինում պարսից Շապուհ թագավորի արքունիքում։ Մի անգամ էլ հղփացած Շապուհը ցանկանում է պարզել, թե որ ազգն ու իշխանական տոհմն ունի արքայական բարձի ու պատվի իրավունք։ Ճոխ խնջույք է կազմակերպում և, ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» մեջ ընդգրկված տասնյոթ իշխանական տների բարձերի ու աստիճանների ցուցակի, բաշխում է հայոց նախարարների տեղերը արքունական սեղանի շուրջը: Սյունյաց տեր Անդոկին բաժին է ընկնում տասնչորսերորդ բարձը։ Վերջինս, այդ ցածր աստիճանից խիստ վիրավորված, սեղանից ոչինչ չի ճաշակում և մտածում է, թե ինչպես վրեժխնդիր լինի: Մի օր էլ իմանալով, որ Շապուհը բացակայում է պալատից, առնում է իր հազար յոթ հարյուր զինակիցներին, հասնում է Տիզբոն, կողոպտում արքունի պալատը, հափշտակում անթիվ ոսկի և արծաթ, թանկարժեք քարեր ու բերում է Սյունիք: Լսելով դրա մասին՝ Շապուհը զայրանում է և զորք է ուղարկում Սյունիք: Ոչ մի կերպ չի կարողանում գերի վերցնել Անդոկին, հետ վերադարձնել իր հարստությունը: Վերջինս գանձերն առնում ու անվերադարձ հեռանում է հայրենիքից: Ասում են, որ գազազած Շապուհը մոխրով լի մի պդնձե սանդ է դնում իր պալատի դռանը, որպեսզի ով որ գա պալատ սանդը ծեծի ու անիծի. «Սյունյաց տերությունը, նրա կյանքն ու խորհուրդը այս մոխրի նման թող ցած թափվի»։
Վահրամաբերդը 1990-ական թվականներին օգտագործվել է հայերի կողմից որպես պաշտպանական կետ՝ ադրբեջանական ագրեսիա դեմ:
Այս տեսարժան վայրը գտնվում է Տանձավեր բնակավայրում, մարզկենտրոնից՝ 35կմ հեռավորության վրա:
Վաչագան գյուղը հարուստ է սրբատեղիներով : Դրանցից մեկն էլ Քամ խաչն է, որի մոտ աղբյուր կա: Քամ խաչը գտնվում է գյուղից ներքև՝ Վաչագան գետի ափին՝ Խուստուփ տանող ճանապարհի վրա: Խաչի զորությանը հավատում էին գյուղի տարեցները, այսօր էլ այդ հավատը մնացել է վաչագանցիների շրջանում:
Հնում, երբ գյուղացիները, ամռան երեք ամիսներին տուն-տեղ հավաքած, անասունները իրենց հետ վերցրած, սար էին գնում, ճանապարհին կանգ էին առնում Քամ խաչի մոտ: Տարեց կանայք այստեղ կատարում էին յուրօրինակ արարողություններ. աղոթք էին անում՝ հայացքներն Խուստուփին հառած, Խաչի աղբյուրին նվիրաբերում քաղցրավենիք, մանր մետաղադրամներ և շարունակում իրենց ճանապարհը:
Քամ Խաչի մասին իր հուշերում պատմում է վաչագանցի Ռիմա Նուրիջանյանը. «Խաչի զորությանը հավատում էին տատիկ-պապիկները, ընդօրինակում էին միջահասակները, իսկ փոքրիկները նայում և ուրախանում էին»: Կանայք, հասնելով Խաչին, իջնում էին ձիերից ու ջորիներից, հերթով մոտենում խաչին, համբուրում քարը, աղոթք շշնջում, սպիտակ դրամ դնում քարի վրա, մոմ վառում Խաչի գլխամասում և լուռ հեռանում դեպի սար: Նրանք ստիպում էին նույնը կրկնել իրենց փոքրիկներին՝ այդկերպ փոխանցելով իրենց ավանդույթները ժառանգներին:
Քամ խաչ էին գնում նաև տարբեր առիթներով, երբ մատաղ էին խոստանում Աստծուն, կամ էլ երաշտ էր սպասվում: Երբ երաշտը փչացնում էր բերքը, հացահատիկը, կանայք խմբերով աղոթք ասելով կանաչ խոտ էին վառում Խաչի մոտ, այնուհետև ջուր լցնում Խաչի վրա: Իսկ երկար տևած անձրևների ժամանակ, երբ բերքը կամ խոտը փչանում էր, աղոթք շշնջալով կրակ էին վառում Խաչի վրա: Շատ հաճախ այնպես էր պատահում, որ բնությունը իրոք փոխում էր իր ընթացքը՝ ոգևորելով մարդկանց, և նրանց թվում էր, թե իրենց մոգական գործողությունների ազդեցությունն է: Խաչի զորությանը հավատացող տարեցները անպայման ոտքով հասնում էին Քամ խաչ, աղոթք մրմնջում, աքլորը ձեռքին՝ չորս անգամ պտտվում խաչի շուրջը և կատարում զոհաբերություն: Աքլորի կտրված գլուխն ու ոտքերը դնում էին խաչի մոտ՝ քարի վրա, և արյունով խաչ անում այն մարդու ճակատին ու կրծքին, ում համար նախատեսված էր մատաղը: Այնուհետև մատաղացուն տուն տանելով՝ եփում և բաժանում էին 7 մասի, յուրաքանչյուր կտոր փաթաթում լավաշի մեջ և, երեխաների ձեռքին դնելով, ուղարկում գյուղի տարեց և հիվանդ մարդկանց տները: Մատաղ վերցնողները, սովորության համաձայն, ասում էին՝ «ընդունելի լինի»: Սա մի արարողություն է, որ եկել է դարերի խորքից և այսօր էլ կիրառվում է ամենուր, Հայաստանի ամեն անկյունում:
Ըստ Ս. Մալխասյանցի՝ «մատաղ» նշանակում է «ջահել կենդանի», ըստ Հ. Աճառյանի «մատաղ» բառն բացատրվում է «մատղաշ, փափուկ, դեռատի, մանկահասակ» իմաստներով: Ամենահետաքրքրականը Սուրբ Գրիգոր Տաթևացու բացատրություն է. «մատաղ» նշանակում է «մատուցի՛ր աղ» և այն ունի չորս խորհուրդ՝ առաջին՝ ընծա Աստծուն, երկրորդ՝ փրկության հույս, երրորդ՝ աղքատասիրություն և ողորմություն, չորրորդ՝ ննջեցյալների հիշատակ:
Այս սրբատեղին գտնվում է Վաչագան թաղամասում, Կապան քաղաքից 5կմ հեռավորության վրա:
Անտառաշատի դիմացի բլրին է գտնվում Քամու եկեղեցի կոչվող հուշարձանը: Այդ հուշարձանի հետ կապված կա մի հետաքրքիր հավատալիք: Ըստ էության՝ Քամու եկեղեցին անցքերով մի պորտաքար է, որի միջով արձագանքելով՝ սուրում է քամին, ուստի պատահական չէ, որ տեղացիները այն անվանում են «Քամու» եկեղեցի: Ասում են, որ նախ՝ այդ պորտաքարին պորտով հպվող անզավակը զավակ է ունենում, և ապա՝ ով այդ անցքով անցնում է, ուրեմն արդար մարդ է և երկար է ապրում, իսկ ով որ չի կարողանում անցնել, անարդար է ու կարճ կյանք ունի:
Մարզկենտրոնից գտնվում է 24 կմ հեռավրության վրա:
Բաղաբերդ ամրոցը Մեծ Հայքի Սյունիք նահանգի անառիկ ամրոցներից էր, որը 4-րդ դարից սկսած եղել է ռազմական կարևոր հենակետ: Այն գտնվում է Կապան-Քաջարան մայրուղուն հաղորդակից Անդոկավան, Դավիթ Բեկ և Ներքին Գիրաթաղ բնակավայրերի հարևանությամբ: Բերդի համար ընտրվել է Ողջի գետի ձորերով շրջապատված մի բարձրավանդակ, որն իր գերիշխող դիրքով հնարավորություն է ունեցել հսկելու պատմական Կապան քաղաքն ու անհրաժեշտության դեպքում ծառայել որպես ռազմակայան: Բաղաբերդի հյուսիսով անցնում է երկու ճանապարհ. դրանցից մեկը գալիս է Բարկուշատի ու Աճենի կողմից ու ձգվում դեպի Արևիք ու Գողթն, մյուսը սկիզբ է առնում հենց Բաղաբերդից ու ձգվում է դեպի Տաթև: Նախքան պատմական Կապանի պաշտպանական կենտրոն դառնալը Բաղաբերդը եղել է պատմական Սյունիքի անմատչելի բերդը և ծառայել որպես ռազմական հենակետ և հուսալի ապաստան քաղաքական տարբեր ընդհարումներից պատսպարվելու համար: Եթե մինչև Սյունիքի թագավորությունը բերդը եղել է որպես անառիկ ապաստան, ապա թագավորության շրջանում բերդը դառնում է գահանիստ կենտրոն: Պատմական Կապան մայրաքաղաքի կործանումից հետո այստեղ են կենտրոնացվել և պահպանվել Տաթևի վանքի և թագավորության գանձերն ու մեծաթիվ ձեռագիր մատյաններ: Կապան մայրաքաղաքի գրավումից 67 տարի հետո միայն թշնամուն հաջողվում է խաբեությամբ գրավել Բաղաբերդը: Բերդին կարելի էր մոտենալ միայն հարավ-արևմուտքից, որտեղ էլ տեղադրված էր միակ մուտքը: Մուտքի հյուսիսային հատվածում տեղադրված էր ամենամեծ բուրգը և օգտագործվել է որպես մուտքը պաշտպանող հսկիչ աշտարակ: Մուտքը կառուցելիս օգտագործվել է հայկական ամրոցաշինության մեջ լայն տարածում գտած մուտքային փակուղիները: Ամրոցի մուտքային մասի պարսպապատը կառուցված է այնպես, որ թշնամին մուտք գործելիս հայտնվում է դիմացի ուղղաձիգ ժայռազանվածի առջև, որն էլ նեղացնում է դեպի միջնաբերդ տանող անցուղին և որտեղով կարելի է անցնել մեկ-երկու շարքով: Այս նեղ միջանցքը ևս պաշտպանված էր աշտարակով: Պարսպապատերի ամբողջ գոտին կառուցվել է շինարարական 3 փուլերով: Ամրոցի պատերն ու բուրգերը եռաշերտ են` կառուցված բազալտից, կիսամշակ, անկանոն քարերից, կրաշաղախի միջնաշերտով:
Անառիկ Բաղաբերդը գրավել են խաբեությամբ մեկ գիշերվա ընթացքում: Փաստորեն, Բաղաբերդը եղել է Սյունիքի ամենաամուր բերդերից մեկը: Տեղանքի առանձնահատկությունները հմտորեն օգտագործելու շնորհիվ այն մնացել է անառիկ: Որպես պաշտպանական կառույց՝ իր դերով և նշանակությամբ ամրոցն ունեցել է երկու կարևոր շրջան. առաջին`մինչթագավորական (4-րդ դարի կեսից մինչև 12-րդ դարի սկիզբ): Առաջին շրջանում այն օգտագործվել է որպես հուսալի ապաստան և թաքստավայր: Երկրորդ`Սյունիքի թագավորության շրջանում (970-1170թթ.) ամրոցը ստանում է համապետական, ռազմավարական նշանակություն: Երկրորդ շրջանում կարելի է առանձնացնել նաև 1103-1170թթ., երբ Բաղաբերդը եղել է Սյունիքի թագավորության գահանիստ:
Ճարտարապետական տեսակետից Բաղաբերդը հայկական ռազմաշինարվեստի եզակի կառույց է:
Կապան քաղաքի կենտրոնից գտնվում է 5 կմ հեռավորության վրա:
Հալիձորի բերդի մասին շատ տեղեկություններ և ավանդություններ են պահպանվել: Բայց ավելի հետաքրքրականն այն է, որ այն նախապես եղել է կուսանաց անապատ և այստեղ ընդօրինակվել են ձեռագրեր: Վկայություններ կան այն մասին, որ այստեղ ապրել և ճգնել են 40 կույսեր, ինչպես նաև վանահայրեր: Քանի որ բնականից տեղանքը լավ պաշտպանված էր, այդ պատճառով հետագայում՝ Դավիթ-Բեկի օրոք, անապատը վերակառուցվում և դառնում է ամրոց: Հայոց պատմության մեջ քիչ են նման դեպքերը, երբ հոգևոր արժեք ունեցող կառույցները վերափոխվում են ռազմական դիրքերի: Դրանից հետո Հալիձորի ճարտարապետական համալիրը ուրույն տեսք է ստանում. քառանկյան բերդ, որի կենտրոնում ամրանում են միջնաբերդն ու եկեղեցին: Բերդը պարսպապատ է, իսկ արևելյան կողմից այն անառիկ է շնորհիվ անհաղթահարելի զառիթափի, որն իջնում է դեպի Ողջի գետը: Ամրոցի պատերը հաստ են, շարված են անկանոն քարերով: Ամրոցի տարածքում կան մեկից ավելի կլոր պաշտպանական աշտարակների ավերակներ: Ամրոցի ներսի շինությունները երկհարկ են և կառուցված են այնպես, որ կազմում են մեկ ամբողջական պաշտպանական համակարգ: Հալիձորի պարիսպների մի մասը կիսավեր վիճակում է, մյուս մասը վերականգնված է: Ամրոցը ունեցել է գաղտնուղի, որը, ավանդության համաձայն, տանում է դեպի Ողջի գետի ափը: Գաղտնուղին հայտնաբերվել է ամրոցի վերականգնման ժամանակ (2007-2009թթ.), հայտնաբերվել են նաև պատմական, հնագիտական, գեղարվեստական նշանակության իրեր, որոնք պատկերացում են տալիս 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարասկզբի ժամանակների մասին: Ամրոց ջուր է բերվել հեռավոր աղբյուրներից՝ կավե փողրակներով: Մի քանի փողրակ հայտնաբերվել և ցուցադրվում է Կապանի երկրագիտական թանգարանում:
Ամրոցն ունի երկու եկեղեցի: Ստորին մասում գտնվող եկեղեցին հավանաբար կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որի մասին վկայում են պատերի մեջ ագուցված նախաքրիստոնեական զարդանախշերով քարերը, քիվերը: Շատ են նաև տարածքում թափված քարի զարդանախշված դետալները, որոնք ևս վերաբերում են նախաքրիստոնեական շրջանին: Միջնաբերդում է գտնվում Սուրբ Մինաս եկեղեցին, որը կառուցված է սրբատաշ քարերով: Եկեղեցու պատերին ագուցված են խաչքարեր, որոնք տեղադրվել են տարբեր ժամանակներում: Նույնիսկ լուսամուտների վերնամասի քարերի փոխարեն օգտագործված են խաչքարեր: Եկեղեցին ունի երկու դուռ, որոնցից մեկը տանում է սյունասրահ, մյուսը՝ դեպի մերձակա երկհարկանի շինություն: Եկեղեցու ներսում՝ առաստաղի վրա, նշմարվում են որմնանկարների հետքերը: Միջնաբերդն ունեցել է ձիանոց, առանձնասենյակներ, սրահներ, օջախով խոհանոց, դիտակետեր և այլն: Այստեղ ևս շատ են վիմագիր արձանագրությունները և տարբեր ժամանակների խաչքարերը: Միջնաբերդից դուրս պահպանվում է հին գերեզմանատունը՝ տապանաքարերով, որոնց վրա կան վիմագրեր:
Հալիձորի ամրոցը կարոտ է պեղումների և լուրջ ուսումնասիրության:
Հալիձորի անառիկության և հերոսական պաշտպանության մասին պատմությունից տեղեկություններ կան, թե ինչպես են թուրքերն այստեղ կորցրել մոտ տասնհինգ հազար զինվոր:
1727թ. թուրքերը պաշարում են Հալիձորը և աստիճանները մոտեցնելով բերդի պարիսպներին՝ փորձում են մտնել ներս: Բերդի քիչ թվով հայ ռազմիկները, բնակիչների օգնությամբ, ոչ միայն պարսպից ցած են նետում գրոհայիններին, այլև աննկատ դուրս գալով բերդից՝ հարմար դիրքից անցնում են հակահարձակման: Խուճապի մատնված թշնամու զորքը, մեծ կորուստներ տալով, դիմում է փախուստի: Հալիձորի բերդը մեր պատմության մեջ խորհրդանշում է ուժ և անառիկություն:
Կապան քաղաքի կենտրոնից գտնվում է 3կմ հեռավորության վրա:
Ոչ միայն Բեխի, այլ ամբողջ Կապանի համար հետաքրքրություն է ներկայացնում հայտնի Նապատը թե՛ իր ճարտարապետական կառույցներով , թե՛ իր հետ կապված լեգենդներով ու պատմություններով: Այն գտնվում է Բեխ թաղամասից մոտ 6 կմ հարավ-արևելք՝ բարձր լեռան արևելյան լանջին՝ անտառի մեջ:
Նապատը հնում հայտնի է եղել նաև Տանձափարախ անունով: Վտանգի ժամանակ ժողովուրդը ապաստանել էր այստեղ գտնվող միաբանների հետ միասին: Սա, փաստորեն, փոքրիկ ամրոց-դղյակ էր, ուր թե՛ պաշտպանվում էին և թե՛ կազմակերպում կրոնական արարողություններ: Հիմա էլ Նապատը կիսավեր վիճակում է և ծառայում է որպես ուխտագնացության վայր` շրջակա գյուղերի համար:
Այս յուրահատուկ սրբավայր-ամրոցի մասին գրել է Րաֆֆին «Դավիթ Բեկ» վեպում: Նրա մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում նաև Բեխ գյուղից գրող, բժիշկ, հասարակական գործիչ Ստեմելը (Ստեփան Մելիք-Փարսադանյան), ով ժամանակին գրառել է զրույցներ մեծերից: Բեխում Նապատի մասին զրույցները շարունակվում են նաև մեր օրերում: Սերունդները պատմում են դարեդար փոխանցված ավանդություններն ու լեգենդները:
«Հալիձորի անկումով՝ Դավիթ-Բեկը յուրայիններով պատսպարվում է Անապատ կոչուած ամրոցի մէջ: Այս բերդը կոչվում էր Անապատ այն պատճառով, որ նրա մեջ գործում էր մի կուսանոց, ուր, ասում են , կուսակրոն կյանքով ապրում, աղոթում և ապաշխարում էին շուրջ քառասուն միանձնուհիներ: Օսմանցիները, գետը անցնելուց հետո, պաշարեցին բերդը: Վեց օր տևեց պաշարումը: Թշնամին կրկնապատկում է իր զորությունը և վայրենի կատաղությամբ հարձակում գործում: Հասնում է օրհասական րոպեն: Այդ սարսափելի տագնապի մէջ, երբ մի կողմից շողում էին սրեր, հոսում էր արյուն, որոտում էին թնդանոթներ, մյուս կողմից` բարեպաշտ միանձնուհիների դասը հնչեցնում էր զանգակներ և աղերսում վերին օգնականությանը»,- գրում է Ստեմելը:
Տարեցները պատմում են. «Պաշարվածները քրիստոնյա հավատացյալներ էին և չէին վախենում նահատակվելուց: Նրանք դիմում էին աննկարագրելի քաջագործությունների, քանի որ իրենց հետ էին Դավիթ-Բեկը, Մխիթար Սպարապետը, Տեր-Ավետիսը և քաջարի այլ հրամանատարներ: Նրանք քաջածանոթ էին տեղանքին և մայրամուտին հարձակվեցին թշնամու վրա: Թշնամին սարսափահար ճողոպրեց: Կռվին միացավ նաև Դավիթ-Բեկը, և թշնամին ջարդվեց, իսկ նրա մնացորդները փախուստի դիմեցին Ղափանի սահմաններից»:
Տանձափարախը (Նապատ) հետագայում վերականգնվել է: Այստեղ ճգնակյաց կյանք էին վարում վարդապետները: Ասում են, որ նրանք նույնիսկ միջնադարյան գրիչների օրինակով մատյաններ էին գրում:
Դարեր են եկել ու անցել, իսկ Նապատը մնացել է որպես սրբավայր և ուխտատեղի: Մեր օրերում նույնիսկ այստեղ հարսանիքներ են անցկացվում:
Նապատ հավանաբար նույն անապատ բառն է, որ տեղի բարբառին բնորոշ հնչյունափոխությամբ սկզբի ա հնչյունը թուլացել է և վերածվել ը-ի, իսկ հետագայում ամբողջովին դուրս մնացել:
Կապան քաղաքի կենտրոնից գտնվում է 10 կմ հեռավրության վրա:
1868 թվականի գարունը խիստ անձրևային էր Կապանի տարածքում: Հեղեղն իր ճանապարհին ոչնչացնում էր կամուրջներ, կառույցներ, քշում-տանում էր անասուններ, լինում էին նաև մարդկային զոհեր: Այդ ժամանակ ջուրը քշեց ու տարավ Վաչագան գետի վրայի փայտե միակ կամուրջ, որը միմյանց էր կապում Վաչագան և Բաղաբուրջ գյուղերը: Երբ հեղեղը դադարում է, վաչագանցի ունևոր Ավանես Նուրիջանյանը ցանկություն է հայտնում երկու գյուղերը միմյանց կապել քարե կամարակապ կամրջով: Նա իր մոտ է կանչում իր ազգակից հայտնի վարպետ Մնացական Նուրիջանյանին, վճարում ոսկով և պատվիրում երկու տարում ավարտել կամրջի շինարարությունը: Կամրջի շինարարությունը ավարտվում է 1870 թվականի մայիսի 24-ին, բայց վարպետը արգելում է երթևեկել նրա վրայով, մինչև կրաշաղախն ու քարերը ամրանան: Այդպես էլ անում են:
Միաթռիչք կամրջի բացումը տեղի է ունենում աշնանը: Երկու գյուղերի բնակիչները կազմակերպում են մեծ խնջույք:
Կամուրջը, իրոք, ունեցավ ռազմավարական նշանակություն: 1905-1906 թվականներին՝ հայ-թաթարական բախումների ժամանակ, երբ Քյարխանայի թուրքերը փակել էին դեպի Հանքեր (Կապան) տանող ճանապարհը, վաչագանցիները անցնում էին կամուրջը և Բաղաբուրջի վրայով իջնում քաղաք:
Կամուրջն այսօր էլ կանգուն է, ծառայում է տեղացիներին, բայց չունի անուն:
Կամուրջի վրա՝ դժվարմատչելի տեղում, ագուցված է վիմագիր արձանագրություն, որի վրա նշմարվում է կառուցման տարեթիվը՝ 1870:
Այն գտնվում է Վաչագան թաղամասում, Կապան քաղաքից 5կմ հեռավորության վրա:
Շրվենանց գյուղ տանող ճանապարհի մուտքի մոտ՝ աջ մասի անտառի միջի ձորակում, գտնվում է Կապանի շրջանում հայտնի Սաթենիկի աղբյուրը: Այն 1980-ականներին կառուցել են Հայկ և Էդուարդ Օհանյան եղբայրները և ի պատիվ իրենց մոր՝ անվանակոչել են Սաթենիկի աղբյուր: Ղափանում սովորույթ կա՝ աղբյուր-հուշարձանի միջոցով հավերժացնել բարի մարդկանց հիշատակը: Եղբայրները որոշեցին բնության այս փոքրիկ տարածքը դարձնել հանգստի գոտի: Ձորակի վրայով կառուցվել է օդային կամուրջ, որի վրա սեղան և նստարաններ են տեղադրված: Ներքևում փոքրիկ առուն է հոսում:
Որևէ զրույց կամ յուրահատուկ պատմություն չկա Սաթենիկի մասին, բայց աղբյուրի գոյությունը մի շատ կարևոր սովորույթ է իր մեջ պահպանում. դեռ հնուց էլ այս տարածքի մարդիկ յուրահատուկ պաշտամունք են ունեցել մոր նկատմամբ, որը սերնդեսերունդ հասել է մեր օրերը ու դեռ կշարունակվի:
Տարածքը տեղացիների և դրսից եկած հյուրերի համար ծառայում է որպես հանգստի փոքրիկ անկյուն:
Աղբյուրը գտնվում է Շրվենանց բնակավայրում, մարզկենտրոնից՝ 20 կմ հեռավորության վրա:
Տանձավեր գյուղը մոտ 1200-1500մ բարձրության վրա է՝ Բարգուշատի լեռնաշղթայի հարավարևմտյան փեշերին: Այն Կապանի տարածաշրջանի հնագույն գյուղերից է, հիշատակվում է նաև պատմիչ, Սյունիքի հոգևոր առաջնորդ Ստեփանոս մետրոպոլիտ Օրբելյանի «Պատմության» մեջ Տանձավայր անվամբ ու Տաթևի վանքին վճարել է 8 միավոր հարկ:
Գյուղում ու նրա շուրջը կան մի շարք քրիստոնեական հուշարձաններ:
Տանձավերում են գտնվում 15-րդ դարի Սուրբ Ստեփանոսի անունը կրող միանավ եկեղեցու ավերակները, որի հետ կապված կա մի ավանդազրույց: 1930-ական թվականներին, երբ խորհրդային իշխանությունները փակում էին եկեղեցիները, ավերում, գնդակահարում էին հոգևորականներին, Տանձավերի կոլեկտիվ տնտեսության նախագահը կամ գյուղապետը ավերում է եկեղեցին ու այդ քարերով իր համար կառուցում տուն ու գոմ: Տեղի բնակիչները ասում են, որ այդ դեպքից հետո գյուղապետը անիծվում է Աստծուց, ու նրա` եկեղեցու քարերով կառուցված տունը չեն վայելում: Բոլորը մեռնում են, իսկ տունը մնում է դատարկ: Այդ տունը մինչև հիմա կիսավեր վիճակով գտնվում է գյուղում ու համարվում է անիծված վայր:
Գյուղի պարծանքն է համարվում 1705 թվականին կառուցված Սուրբ Աստվածանի անունը կրող եռանավ բազիլիկ եկեղեցին, որը խորհրդային տարիներին դարձրել էին հացահատիկի պահեստ, իսկ շրջակա միջնադարյան գերեզմանոցի քարերը օգտագործվել էին որպես շինանյութ և կամ ոչնչացրել:
Տանձավերը շրջապատված է սաղարթախիտ անտառներով, ալպիական մարգագետիններով, որտեղ աճում են լեռնային անուշաբույր ծաղիկներ:
Facebook
Location on Google Maps
YouTube