Բաղաբերդ ամրոցը Մեծ Հայքի Սյունիք նահանգի անառիկ ամրոցներից էր, որը 4-րդ դարից սկսած եղել է ռազմական կարևոր հենակետ: Այն գտնվում է Կապան-Քաջարան մայրուղուն հաղորդակից Անդոկավան, Դավիթ Բեկ և Ներքին Գիրաթաղ բնակավայրերի հարևանությամբ: Բերդի համար ընտրվել է Ողջի գետի ձորերով շրջապատված մի բարձրավանդակ, որն իր գերիշխող դիրքով հնարավորություն է ունեցել հսկելու պատմական Կապան քաղաքն ու անհրաժեշտության դեպքում ծառայել որպես ռազմակայան: Բաղաբերդի հյուսիսով անցնում է երկու ճանապարհ. դրանցից մեկը գալիս է Բարկուշատի ու Աճենի կողմից ու ձգվում դեպի Արևիք ու Գողթն, մյուսը սկիզբ է առնում հենց Բաղաբերդից ու ձգվում է դեպի Տաթև: Նախքան պատմական Կապանի պաշտպանական կենտրոն դառնալը Բաղաբերդը եղել է պատմական Սյունիքի անմատչելի բերդը և ծառայել որպես ռազմական հենակետ և հուսալի ապաստան քաղաքական տարբեր ընդհարումներից պատսպարվելու համար: Եթե մինչև Սյունիքի թագավորությունը բերդը եղել է որպես անառիկ ապաստան, ապա թագավորության շրջանում բերդը դառնում է գահանիստ կենտրոն: Պատմական Կապան մայրաքաղաքի կործանումից հետո այստեղ են կենտրոնացվել և պահպանվել Տաթևի վանքի և թագավորության գանձերն ու մեծաթիվ ձեռագիր մատյաններ: Կապան մայրաքաղաքի գրավումից 67 տարի հետո միայն թշնամուն հաջողվում է խաբեությամբ գրավել Բաղաբերդը: Բերդին կարելի էր մոտենալ միայն հարավ-արևմուտքից, որտեղ էլ տեղադրված էր միակ մուտքը: Մուտքի հյուսիսային հատվածում տեղադրված էր ամենամեծ բուրգը և օգտագործվել է որպես մուտքը պաշտպանող հսկիչ աշտարակ: Մուտքը կառուցելիս օգտագործվել է հայկական ամրոցաշինության մեջ լայն տարածում գտած մուտքային փակուղիները: Ամրոցի մուտքային մասի պարսպապատը կառուցված է այնպես, որ թշնամին մուտք գործելիս հայտնվում է դիմացի ուղղաձիգ ժայռազանվածի առջև, որն էլ նեղացնում է դեպի միջնաբերդ տանող անցուղին և որտեղով կարելի է անցնել մեկ-երկու շարքով: Այս նեղ միջանցքը ևս պաշտպանված էր աշտարակով: Պարսպապատերի ամբողջ գոտին կառուցվել է շինարարական 3 փուլերով: Ամրոցի պատերն ու բուրգերը եռաշերտ են` կառուցված բազալտից, կիսամշակ, անկանոն քարերից, կրաշաղախի միջնաշերտով:
Անառիկ Բաղաբերդը գրավել են խաբեությամբ մեկ գիշերվա ընթացքում: Փաստորեն, Բաղաբերդը եղել է Սյունիքի ամենաամուր բերդերից մեկը: Տեղանքի առանձնահատկությունները հմտորեն օգտագործելու շնորհիվ այն մնացել է անառիկ: Որպես պաշտպանական կառույց՝ իր դերով և նշանակությամբ ամրոցն ունեցել է երկու կարևոր շրջան. առաջին`մինչթագավորական (4-րդ դարի կեսից մինչև 12-րդ դարի սկիզբ): Առաջին շրջանում այն օգտագործվել է որպես հուսալի ապաստան և թաքստավայր: Երկրորդ`Սյունիքի թագավորության շրջանում (970-1170թթ.) ամրոցը ստանում է համապետական, ռազմավարական նշանակություն: Երկրորդ շրջանում կարելի է առանձնացնել նաև 1103-1170թթ., երբ Բաղաբերդը եղել է Սյունիքի թագավորության գահանիստ:
Ճարտարապետական տեսակետից Բաղաբերդը հայկական ռազմաշինարվեստի եզակի կառույց է:
Կապան քաղաքի կենտրոնից գտնվում է 5 կմ հեռավորության վրա:
Տանձավեր բնակավայրի մոտ՝ Մաճից ոչ հեռու է գտնվում Վահրամաբերդը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, Անդովկ կամ Անդոկ իշխանի բերդը: Համաձայն ավանդության՝ այդ բերդում թաղված են Անդոկ իշխանի անբավ հարստությունները, որ նա թալանել ու բերել է Պարսից թագավոր Շապուհի Տիզբոն մայրաքաղաքից: Մեր ժողովրդի մեջ այս զրույցը շատ տարածված է: Պատմում են, որ Սյունյաց Անդոկ նահապետը հաճախ էր լինում պարսից Շապուհ թագավորի արքունիքում։ Մի անգամ էլ հղփացած Շապուհը ցանկանում է պարզել, թե որ ազգն ու իշխանական տոհմն ունի արքայական բարձի ու պատվի իրավունք։ Ճոխ խնջույք է կազմակերպում և, ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» մեջ ընդգրկված տասնյոթ իշխանական տների բարձերի ու աստիճանների ցուցակի, բաշխում է հայոց նախարարների տեղերը արքունական սեղանի շուրջը: Սյունյաց տեր Անդոկին բաժին է ընկնում տասնչորսերորդ բարձը։ Վերջինս, այդ ցածր աստիճանից խիստ վիրավորված, սեղանից ոչինչ չի ճաշակում և մտածում է, թե ինչպես վրեժխնդիր լինի: Մի օր էլ իմանալով, որ Շապուհը բացակայում է պալատից, առնում է իր հազար յոթ հարյուր զինակիցներին, հասնում է Տիզբոն, կողոպտում արքունի պալատը, հափշտակում անթիվ ոսկի և արծաթ, թանկարժեք քարեր ու բերում է Սյունիք: Լսելով դրա մասին՝ Շապուհը զայրանում է և զորք է ուղարկում Սյունիք: Ոչ մի կերպ չի կարողանում գերի վերցնել Անդոկին, հետ վերադարձնել իր հարստությունը: Վերջինս գանձերն առնում ու անվերադարձ հեռանում է հայրենիքից: Ասում են, որ գազազած Շապուհը մոխրով լի մի պդնձե սանդ է դնում իր պալատի դռանը, որպեսզի ով որ գա պալատ սանդը ծեծի ու անիծի. «Սյունյաց տերությունը, նրա կյանքն ու խորհուրդը այս մոխրի նման թող ցած թափվի»։
Վահրամաբերդը 1990-ական թվականներին օգտագործվել է հայերի կողմից որպես պաշտպանական կետ՝ ադրբեջանական ագրեսիա դեմ:
Այս տեսարժան վայրը գտնվում է Տանձավեր բնակավայրում, մարզկենտրոնից՝ 35կմ հեռավորության վրա:
Ավանդազրույցը պատմում է, որ ոմն Վահան, ով Սյունյաց Ձագիկ իշխանի որդին էր, պատժվում է Աստծու կողմից և դիվահարվում: «Դիվահարված» բառը նախապաշարումներով պարուրված միջնադարում նշանակում էր «մարդ, ում հոգում և մարմնում բույն էին դնում դևերը կամ չարքերը», որոնք այդ մարդուն երբեմն նաև այս կամ այն կենդանու կերպարանք էին տալիս: Եվ ահա պատմում են, որ Աստված գթասիրտ է լինում Վահանի հանդեպ և տեսիլքով հայտնում նրան, որ կփրկվի ապաշխարելով, և Տիրոջ կողմից թողություն կստանա միայն Աստծու տաճար կառուցելով: Այդ տեսիլքից հետո Վահանը կրոնավոր է դառնում և շատ ու խիստ ճգնություններից հետո գալիս է այն բարձր լեռան ստորոտը, որի վրա էր Բաղաբերդի ամրոցը: Աճանանի դիմաց գտնում է մի բարձր ու հարթ տեղ և աղոթքներով Աստծուց խնդրում է հաջողեցնել իր գործը: Հրավիրում կրոնակից վանականներին, և սկսում են եկեղեցու շինարարությունը: Եկեղեցին շատ գեղեցիկ մի շինություն էր՝ գմբեթահարկ, եռախորան: Եկեղեցին կրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը: Այն կառուցվում է այնտեղ, որտեղ վերջանում էր միջնադարյան Կապան քաղաքը: Շրջակա անտառներն ու մարգագետինները, ինչպես նաև դիմացի Աչաղու և Շեկք գյուղերը տրամադրվում են եկեղեցուն: Հետագա տարիներին միաբանների ջանքերով կառուցվում են ուրիշ եկեղեցիներ և շինություններ: Վահանն իր անունով վանքը կոչում է Վահանավանք, որը հետագայում ճոխանում և դառնում է բազմամարդ մի բնակավայր: Վանքին կից կար դպրոց, արհեստանոցներ, ձուլարան: Այն ժամանակին դառնում է Սյունիքի կամ Կապանի թագավորության հոգևոր կենտրոնը՝ փոխարինելով Տանձափարախի նշանավոր վանքին, մասամբ նաև Տաթևի վանքին: Վահանավանքի կառուցումը տեղի է ունեցել 911 թվականին:
Վահանից հետո վանահայր է դառնում նրա եղբոր որդին՝ Վահան անունով, ով բարեկարգում է վանքը և ավելացնում բազմաթիվ շինություններ: Նա կառուցում է նաև մեծ աղոթատուն, որտեղ թաղված են Աղվանքի և Սյունիքի շատ թագավորներ ու թագուհիներ, Սյունիքի բազմաթիվ նշանավոր իշխաններ: Կառուցում է եկեղեցու գավիթը՝ վրան երկու խորան՝ Պողոս և Պետրոս առաքյալների անունով: 1086թ. Շահանդուխտ թագուհին և իր քույր Կատան կառուցում են Սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցին: Ըստ ավանդության՝ այդ եկեղեցում աղոթելով և ապաշխարելով անզավակ զույգերը Աստծուց օրհնություն են ստանում և զավակ ունենում:
Պեղումների ժամանակ հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ բացի Սուրբ Գրիգոր լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիներից վանական համալիրն ունեցել է ևս երեք եկեղեցիներ՝ Սուրբ Սիոն, Սուրբ Հարություն և Սուրբ Նախավկա:
Վահանավանքի վերջին եպիսկոպոսը Հովհաննես Կապանցին էր, ով 13-րդ դարի սկզբին թշնամիների կողմից Սյունյաց միջնաշխարհի ավերման պատճառով հեռանում է Վայոց ձոր, ուր և կառուցում է Սյունիքի մյուս հռչակավոր վանական համալիրը՝ Նորավանքը:
Կապանի տարածաշրջանի հուշարձանների թվում իրենց նշանակությամբ և ճարտարապետական լուծումներով աչքի են ընկնում նաև հինավուրց կամուրջները: Բնակավայրերում տարեց մարդիկ պատմում են Բաղաբերդից Տաթև բանուկ ճանապարհի մասին: Այսօր էլ այդ ճանապարհի վրա պահպանվել են իջևանատների և կամուրջների հետքեր և, ըստ էության, այդ ճանապարհը միջնադարում հայտնի Մետաքսի մեծ ճանապարհի ճյուղավորումներից մեկի հատվածն է կազմել, որը միջնադարյան Գանձակը կապել է վաճառաշահ Ջուղայի (ներկայիս Ջուլֆան) հետ:
Դեռևս 18-րդ սկզբին Աճանան գետի վրա կառուցվել է մի կամուրջ, որը գտնվում է Վանեք բնակավայրի մերձակայքում՝ 11-րդ դարում կառուցված ավերակի կամրջի արևելյան կողմում: Այն ունի է տեղական բազալտից կարմրավուն և կապտավուն 110 սրբատաշ քարեր: Կամրջի երթևեկելի մասը սալահատակված է գետաքարերով: Արևելյան կողմի մեջ պահպանվել է պարսկերեն արձանագրություն: Տարեց մարդիկ վկայում են, որ նույնպիսի մի արձանագրություն էլ կար կամրջի հարավային կողմում: Հստակ երևում է տեղադրման որմնախորշը: Այն հավանաբար ընկել և թաղվել է գետի տիղմի մեջ: Պահպանված արձանագրությունը ընթեռնելի է: Այն մեջբերվում է պարսկերեն մի հայտնի բանաստեղծությունից, որտեղ ասվում է.
«Կապրի այս չափն ու կարգը շատ տարիներ դեռ երկար,
Թեկուզ մարմինս անկենդան լինի, հողին հավասար»:
Ավանդազրույցներում կամուրջն անվանել են Թագավորի, Խանի, Աճանանի կաթողիկոսի, Կոլխոզի: Սակայն ուշադրության է արժանի կամրջի յուրահատուկ և հազվադեպ անվանումը՝ Կաթողիկոսի կամուրջ: Կամրջի շինարարության թվականը համընկնում է պարսկական շահի հովանավորությամբ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս դարձած սուրբ Մովսես Խոտանանցու գահակալման թվականին:
Մարզկենտրոնից գտնվում է 13 կմ հեռավորության վրա:
Հալիձորի բերդի մասին շատ տեղեկություններ և ավանդություններ են պահպանվել: Բայց ավելի հետաքրքրականն այն է, որ այն նախապես եղել է կուսանաց անապատ և այստեղ ընդօրինակվել են ձեռագրեր: Վկայություններ կան այն մասին, որ այստեղ ապրել և ճգնել են 40 կույսեր, ինչպես նաև վանահայրեր: Քանի որ բնականից տեղանքը լավ պաշտպանված էր, այդ պատճառով հետագայում՝ Դավիթ-Բեկի օրոք, անապատը վերակառուցվում և դառնում է ամրոց: Հայոց պատմության մեջ քիչ են նման դեպքերը, երբ հոգևոր արժեք ունեցող կառույցները վերափոխվում են ռազմական դիրքերի: Դրանից հետո Հալիձորի ճարտարապետական համալիրը ուրույն տեսք է ստանում. քառանկյան բերդ, որի կենտրոնում ամրանում են միջնաբերդն ու եկեղեցին: Բերդը պարսպապատ է, իսկ արևելյան կողմից այն անառիկ է շնորհիվ անհաղթահարելի զառիթափի, որն իջնում է դեպի Ողջի գետը: Ամրոցի պատերը հաստ են, շարված են անկանոն քարերով: Ամրոցի տարածքում կան մեկից ավելի կլոր պաշտպանական աշտարակների ավերակներ: Ամրոցի ներսի շինությունները երկհարկ են և կառուցված են այնպես, որ կազմում են մեկ ամբողջական պաշտպանական համակարգ: Հալիձորի պարիսպների մի մասը կիսավեր վիճակում է, մյուս մասը վերականգնված է: Ամրոցը ունեցել է գաղտնուղի, որը, ավանդության համաձայն, տանում է դեպի Ողջի գետի ափը: Գաղտնուղին հայտնաբերվել է ամրոցի վերականգնման ժամանակ (2007-2009թթ.), հայտնաբերվել են նաև պատմական, հնագիտական, գեղարվեստական նշանակության իրեր, որոնք պատկերացում են տալիս 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարասկզբի ժամանակների մասին: Ամրոց ջուր է բերվել հեռավոր աղբյուրներից՝ կավե փողրակներով: Մի քանի փողրակ հայտնաբերվել և ցուցադրվում է Կապանի երկրագիտական թանգարանում:
Ամրոցն ունի երկու եկեղեցի: Ստորին մասում գտնվող եկեղեցին հավանաբար կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որի մասին վկայում են պատերի մեջ ագուցված նախաքրիստոնեական զարդանախշերով քարերը, քիվերը: Շատ են նաև տարածքում թափված քարի զարդանախշված դետալները, որոնք ևս վերաբերում են նախաքրիստոնեական շրջանին: Միջնաբերդում է գտնվում Սուրբ Մինաս եկեղեցին, որը կառուցված է սրբատաշ քարերով: Եկեղեցու պատերին ագուցված են խաչքարեր, որոնք տեղադրվել են տարբեր ժամանակներում: Նույնիսկ լուսամուտների վերնամասի քարերի փոխարեն օգտագործված են խաչքարեր: Եկեղեցին ունի երկու դուռ, որոնցից մեկը տանում է սյունասրահ, մյուսը՝ դեպի մերձակա երկհարկանի շինություն: Եկեղեցու ներսում՝ առաստաղի վրա, նշմարվում են որմնանկարների հետքերը: Միջնաբերդն ունեցել է ձիանոց, առանձնասենյակներ, սրահներ, օջախով խոհանոց, դիտակետեր և այլն: Այստեղ ևս շատ են վիմագիր արձանագրությունները և տարբեր ժամանակների խաչքարերը: Միջնաբերդից դուրս պահպանվում է հին գերեզմանատունը՝ տապանաքարերով, որոնց վրա կան վիմագրեր:
Հալիձորի ամրոցը կարոտ է պեղումների և լուրջ ուսումնասիրության:
Հալիձորի անառիկության և հերոսական պաշտպանության մասին պատմությունից տեղեկություններ կան, թե ինչպես են թուրքերն այստեղ կորցրել մոտ տասնհինգ հազար զինվոր:
1727թ. թուրքերը պաշարում են Հալիձորը և աստիճանները մոտեցնելով բերդի պարիսպներին՝ փորձում են մտնել ներս: Բերդի քիչ թվով հայ ռազմիկները, բնակիչների օգնությամբ, ոչ միայն պարսպից ցած են նետում գրոհայիններին, այլև աննկատ դուրս գալով բերդից՝ հարմար դիրքից անցնում են հակահարձակման: Խուճապի մատնված թշնամու զորքը, մեծ կորուստներ տալով, դիմում է փախուստի: Հալիձորի բերդը մեր պատմության մեջ խորհրդանշում է ուժ և անառիկություն:
Կապան քաղաքի կենտրոնից գտնվում է 3կմ հեռավորության վրա:
Facebook
Location on Google Maps
YouTube